ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում կայացավ T4GREEN նախագծի մեկնարկային համաժողովը
19.02.2024
ՀՊՄՀ-ում կայացավ T4GREEN նախագծի մեկնարկային համաժողովը

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» (T4GREEN)  ծրագրի նախագիծը։

Եռամյա ծրագրի համակարգողը Մանակավարժական համալսարանն է․ ներգրավված է 13 բուհ և կազմակերպություն Հայաստանից և արտերկրից՝ Չեխիա, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա և այլն։

Վերափոխման և վերանայման են ենթարկվելու երեք հիմնական ուղղությունների՝ օտար լեզուների, հատուկ մանկավարժության և ներառականության, ԲՏՃՄ ոլորտի ծրագրային մոտեցումները։ Ակնկալվող արդյունքներն են՝ բակալավրիական և մագիստրոսական հնգական վերանայված ծրագիր, ինչպես նաև ժամանակակից չափորոշիչների հիման վրա երկու կարճաժամկետ կրեդիտային ծրագիր։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը՝ Մանկավարժական համալսարանին արդեն երկրորդ անգամ նման ծրագիր իրականացնելու հնարավորության համար։

«Բարձրագույն մանկավարժական հիմնախնդիրները աշխարհում կարևորագույն տեղ են զբաղեցնում․մենք տեսնում ենք, թե ամեն օր ինչ վերափոխումներ են տեղի ունենում։ Ծրագրի հիմնական խնդիրներն են՝ ազգային և ինստիտուցիոնալ, վարչական աշխատակիցների, որոշումներ կայացնողների, հետազոտողների, դասախոսների կարողությունների զարգացումը։ Դա թույլ կտա վերափոխել, վերանայել մանկավարժական կրթության քաղաքականությունները և ծրագրերը դեպի հանրակրթային, ազգային նպատակների իրագործում՝ կանաչ և թվային կրթությանն աջակցելու ուղղությամբ»,-նշեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու շնորհակալություն հայտնեց նաև ծրագրի կոնսորցիում բուհերի ներկայացուցիչներին՝ մանկավարժական կրթության բարելավմանն ուղղված աշխատանքներում ներգրավվելու համար։

Հայաստանում ԵՄ հանձնաժողովի համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը չի թաքցնում՝ ուրախությամբ է ներկա գտնվում միջազգային ծրագրերի մեկնարկային համաժողովներին։

«Այս անգամ կրկնակի ուրախ եմ, որովհետև ծրագիրն անմիջականորեն առնչվում է մանկավարժական կրթությանը, հիմնահարցերին։ Տարիներ առաջ զբաղվել եմ մանկավարժական գործունեությամբ և ժամանակի ընթացքում գիտակցել եմ մանկավարժական կարողությունների կարևորությունը։ Այդ կարողությունների մեծ մասը արծարվում է ծրագրի շրջանակներում՝ հանուն կանաչ և թվային կրթություն առանց դրա հնարավոր չէ ապահովել հասարակության կայուն զարգացումը»,-նշեց Ֆրենկ Հեսսն ու հավելեց՝ կանաչ և թվային կրթությունը միայն էկելոգիայի և տեխնոլոգիաների մասին չէ․ ծրագիրը միտված է նաև ապահովելու միջառարկայական կապերը և դրանց վերաբերող մի շարք հարցեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց ծրագրի մեկնարկի առթիվ և որպես ՀՊՄՀ հոգեբարձուների խորհրդի նախագահ կարևորեց այն՝ ինչպես կրթության մեծածավալ բարեփոխումների, այնպես էլ մանկավարժական կրթության հայեցակարգի մշակման տեսանկյունից։

«Մանկավարժական կրթության բարեփոխումը խիստ առանցքային է։ Դպրոցը և շատ բան փոխվում է, անփոփոխ է մի բան․ամենակարևոր մարդը դպրոցում շարունակում է մնալ ուսուցիչը, ում ազդեցությունը երեխաների և կրթական արդյունքի, բովանդակության վրա անգնահատելի է։ Կարևոր է, որ մանկավարժական կրթության որակը և բովանդակությունը լինեն համահունչ այն ժամանակակից մարտահրավերներին, որոնք կան»,-նշեց նախարար Անդրեասյանն ու հավելեց, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումները անպայմանորեն պետք է արտացոլվեն ուսուցչական կրթության մեջ։

Ժաննա Անդրեասյանը «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագիրը կարևորեց նաև մեկ այլ՝ բարձրագույն կրթության բովանդակության՝ հայեցակարգի վերափոխման տեսանկյունից․ այն պետք է դառնա մրցունակ, միջազգայնորեն ճանաչելի ու համակրելի։ ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ բարեփոխումների առանցքում բարձրագույն կրթությունն ունի առանցքային նշանակություն, ուստի ծրագրի շրջանակներում մշակվող մանկավարժական կրթության հայեցակարգը կարող է ուղենշային փաստաթուղթ դառնալ մեր երկրում և նրա սահմաններից դուրս։

Ժաննա Անդրեասյանն իր և նախարարության պատրաստակամությունը հայտնեց ծրագրի իրագործման ողջ ընթացքում՝ հույս հայտնելով, որ համատեղ կնկատեն նաև հաջողություններն ու ձեռքբերումները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էլ նկատում է, որ ծրագրի վերջնարդյունքների հետ կապված շատ հույսեր կան։ Վստահ են՝ ծրագրի արդյունքում ձևավորված պրոդուկտը կարևոր նշանանակություն կունենա մանկավարժական կրթության բարեփոխումների հարցում․«Ընթացող բարեփոխումները պետք է արտացոլված լինեն մանկավարժական կրթության մեջ։ Մենք այլընտրանք չունենք չիրականացնելու 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթություն. տեխնոլոգիական հեղափոխության ժամանակաշրջանում գտնվող սերնդին դասավանդող ուսուցիչը պետք է հասցնի գնալ փոփոխությունների հետևից»,- նշեց նախարարի տեղակալն ու հիշեցրեց՝ մանկավարժությունը մարտահրավերային փուլում է, և կրթության այն ձևը, որով մենք աշխատել ենք տարիներ շարունակ, չնայած բազմափորձ է և մեծ արդյուքներ է ապահովել, այնուամենայնիվ, պարտավոր ենք փոխել՝ ժամանակի կրթական պահանջներին առավել համապատասախան կրթություն ապահովելու տեսանկյունից։

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը՝ նկատելով՝ այս ծրագրով մանկավարժական կրթությունը դիտարկվում է կարևորագույն ոլորտ։ Քննարկվում են հիմնահարցեր, որոնք նպաստում են հասարակության կայուն զարգացմանը՝ սահմանված 17 չափորոշիչների հիման վրա։ Նա այն կարծիքին է, որ նման ծրագրերը միտված են իրենց հաջողություններն ու վերջնարդյունքները տեսնելու փորձի փոխանակման, որակական շփումների միջոցով։ Լանա Կառլովան ուրախությամբ նկատեց, որ Հայաստանը բազմաթիվ նմանօրինակ ծրագրերի հաղթող է ճանաչվել՝ կրկնապատկելով նման ծրարգրերին ներգրավվածությունը։

«Այս ծրագիրը կարևորում է մանկավարժական կրթությունը որպես կարևորագույն ոլորտ։ Հիմնահարցերի քննարկման համար ներգրավված են ոչ միայն մասնակից բուհերն ու կազմակերպությունները, այլև եվրոպական գործընկերներ՝ որակական փոփոխությունների համար։ Լիահույս ենք, որ այդ փոփոխությունները կանդրադառնան դասավանդման մեթոդաբանության, մանկավարժական հիմնահարցերի, մասնագետ-մանկավարժների առօրյայի վրա»,-նշեց Լանա Կառլովան և մասնակիցներին հորդորեց ծրագրի մեթոդաբանական և բովանդակային բարեփոխումները տարածում գտնեն ոչ միայն ծրագրի մասնակից բուհերում։

Ծրագրի համակարգող, Մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց T4GREEN նախագծի նպատակներն ու խնդիրները։ Մարիաննա Հարությունյանն ընդգծեց, որ ՀՊՄՀ-ի համակարգմամբ ծրագիրը նպատակ ունի բարեփոխել ուսուցիչների կրթությունը Հայաստանում և Մոլդովայում՝ հնարավորություն տալով անցում կատարել ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների, դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործում՝ կանաչ և թվային անցմանն աջակցելու ուղղությամբ:

«Հայաստանի և Մոլդովայի 5 համալսարանում կվերանայվեն STEM, օտար լեզուների և հատուկ և ներառական կրթության, ինչպես նաև գործող ստանդարտների վրա հիմնված ընդհանուր մանկավարժության 2 կարճաժամկետ կրեդիտային ծրագրեր (առկա և նոր մշակված)՝ միտված կանաչ և թվային անցմանը: Կմշակվեն «Ուսուցիչների կրթության ազգային հայեցակարգ (NCTE) 2027-2035թ.թ»՝ ավանդականից դեպի ապագային անցումը խթանելու համար, ուսուցիչների վերապատրաստման կանաչ և թվային ուղղվածություն ունեցող ուսումնական ծրագրեր և մեթոդներ, որոնք կարդիականացնեն ուսուցիչների կրթությունը ազգային մակարդակներում»,-նշեց պրոռեկտոր Հարությունյանն ու անդրադարձավ նաև աշխատանքներին, որոնք ուղղված կլինեն մանկավարժական կրթության քաղաքականության և ծրագրերի վերափոխմանը, դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործմանը՝ կանաչ և թվային անցմանն աջակցելու ուղղությամբ:

Նախագծի պլեներային հատվածին հաջորդեց «21-րդ դարում ուսուցիչների կրթության հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով պանելային քննարկումը։ Մասնակիցները անդրադարձան ուսուցչի մասնագիտութան կարևորությանը, մարտահրավերներին, խոսեցին կրթության մեջ թվային տեխնոլոգիաների առավելությունների և թերությունների մասին։ Քննարկմանը վերհանվեցին նաև մարտահրավերները հաղթահարելու մեթոդներ։

Համաժողովի աշխատանքային օրն ամփոփվեց համերգային ծրագրով․ ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում կատարումներով հանդես եկան տարբեր բաժինների ուսանողներ։