Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը։
«Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 140 ներկայացուցիչներ ԱՊՀ 7 երկրից։
Համաժողովի բացմանը ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում պատահական չհամարեց, որ միջոցառումը տեղի է ունենում հենց մանկավարժական համալսարանում․ այն ամենահին ավանդական ուսումնական հաստատությունն է, որն այսօր համարվում է ամենահաջողակ բուհերից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստման ոլորտում։ «Հաշվի առնելով կրթական համակարգերի զարգացման խնդիրները և կրթական գործընթացի փոխակերպման նոր մարտահրավերներին համապատասխան արձագանքելու անհրաժեշտությունը՝ ԱՊՀ ուսուցիչների և մանկավարժների 8-րդ համագումարն անցկացվում է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն ԱՊՀ մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրի ներքո: Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքները և ստեղծագործ մտածելակերպը սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի են դարձել»,- նշեց Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հիմքում դրված հայեցակարգով նախատեսվում է ՀՀ տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ աճ՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը։
Նախարարը նշեց նաև, որ Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնիրացման զարգացմանը։ Տվյալ հայեցակարգը պահանջում է ֆորմալ կրթության համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև ոչ ֆորմալ՝ լրացուցիչ և շարունակական կրթության նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում՝ շեշտը դնելով կրթական համակարգը մարդու համար ողջ կյանքի ընթացքում ուսումնական միջավայրի վերածելու հանգամանքի վրա։
Պլենար քննարկումների ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։
Վերջինս մասնավորապես ներկայացրեց Հայաստանում կրթության նոր չափանիշները, դրանց հիմնական ասպեկտները, նպատակները և խնդիրները՝ ընդգծելով, որ մեր երկիրն այս պահին կրթության ոլորտի բոլոր բնագավառներում նշանակալի ռեֆորմների փուլում է և նպատակ ունի ապահովել մատչելի և որակյալ կրթություն։ Նախարարի տեղակալը ներկայացրեց կրթության որակի ապահովմանն ու զարգացմանն ուղղված հիմնական ուղղությունները՝ կրթության բովանդակության բարելավում, մանկավարժների մասնագիտական զարգացմանը խթանող մեխանիզմների կիրառում, կրթության մատչելության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում։ Փոխնախարարը խոսեց 2021-ին հաստատված և 2021-2022-ուսումնական տարում Տավուշի մարզում փորձարկված նոր հանրակրթական չափորոշիչներով պիլոտային ծրագրի և նրա արդյունքների մասին։
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ ընդգծեց․ «Սա բացառիկ հնարավորություն է բոլորիս համար հասնելու նախանշած ուղիների ճանապարհին հանդիպող հիմնախնդիրների լուծմանը, որոնց բախվում է յուրաքանչյուր ուսուցիչ ու մանկավարժական աշխատող։ Եվ ձեր գործի հանդեպ մասնագիտական նվիրումը՝ ուսուցանելու և դաստիարակելու, հասարակությունը դարձնում են էլ ավելի ուժեղ»։
ԱՊՀ գործադիր կոմիտեի կրթության և գիտության, հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության պետի խորհրդական Գալինա Կազակը փոխանցեց ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ուղերձը համաժողովի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ շխատանք։
Գալինա Կազակն ընդգծեց, որ 14 տարիների ընթացքում համաժողովը շարունակում է մնալ հեղինակավոր հարթակ մանկավարժական նվաճումները ներկայացնելու և կրթական հետագա համագործակցության հեռանկարները բացահայտելու տեսանկյունից։
«Համագումարի նպատակներն ու խնդիրները համապատասխանում են Համագործակցության ռազմավարական փաստաթղթերում ամրագրված խնդիրներին, որտեղ ընդգծված է ընդհանուր հանրակրթական տարածքը պահպանելու և զարգացնելու կարևորությունը։ Խորհրդանշական է, որ ձեռնարկն անցկացվում է ուսուցիչների միջազգային օրվան ընդառաջ, որը կոչված է գնահատելու ուսուցչի անգնահատելի ներդրումը հասարակության զարգացման գործում»,-նշեց Գալինա Կազակն ու հույս հայտնեց, որ կծավալվի պրոֆեսիոնալ երկխոսություն կրթության բովանդակության հարցերի, դրա որակի, գնահատականների, ներառական կրթության և այլ հարցերի շուրջ։ Բացի այդ, հնարավոր կլինի վերանայել համագործակցության նոր, կադրերի վերապատրաստումների հնարավորությունների մասին։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին և վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանը բաց է միջազգային համագործակցության համար կրթության, գիտության, դաստիարակության, մշակույթի ոլորտներում՝ բարձր գնահատելով ինչպես մեր երկրի, այնպես էլ օտարերկրյա բուհերի հետ գործընկերությունը․ «Մենք բոլորս հասկանում ենք, որ ներկայիս մանկավարժական բարձրագույն կրթության խնդիրը ապագա ուսուցչի մասնագիտական անհատականության ձևավորումն է, որն ունակ կլինի արդյունավետ ինքնադրսևորվել մասնագիտության մեջ․ դա կախված է մեր համատեղ աշխատանքից»,-նշեց ռեկտորն ու վստահեցրեց, որ միայն միասնական և ներդաշնակ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել նոր բարձունքների համալսարանական կրթության ոլորտում։
«Կրթության զարգացման փուլերը հիմնականում համընկնում են հասարակության զարգացման փուլերի հետ իր գոյության բոլոր ձևերով՝ համայնք, մարզ, պետություն և այլն։ Կրթության հայեցակարգը դիտարկվում է հիմնականում երեք հարթություններում՝ կրթությունը որպես գործընթաց, կրթությունը՝ որպես հաղորդակցման ցանց և կրթությունը որպես ինստիտուտ. սրանք վերաբերում են կրթության բոլոր կառույցներին, գործառույթներին և գործունեությանը»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ յուրաքանչյուր դարաշրջան և յուրաքանչյուր մանկավարժական փիլիսոփայություն տվյալ դարաշրջանում սահմանում է իր առաջնահերթությունները՝ ընդգծելով կրթական գործընթացի դինամիկան, ցանցային փոխհարաբերությունները կրթական գործընթացում և, վերջապես, կրթության ինստիտուցիոնալ ենթակառուցվածքները։
Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ նաև տեղեկատվական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, որը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառում կրթության մեջ․ «Դա գործոն է տեղեկատվական հասարակության պահանջներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծման և ավանդական կրթական համակարգի բարեփոխման գործընթացի համար՝ ժամանակակից արդյունաբերական հասարակության պահանջներին համապատասխան»։
Համաժողովին ելույթներով հանդես եկան նաև մասնակից պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Վերջիններս ևս մեկ անգամ փաստեցին, որ ոչ մի արհեստական բանականություն չի փոխարինի ուսուցչին, նրա նվիրումին, կոչմանն ու սերունդներին սեփական փորձը փոխանցելու ցանկությանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը «Անկախ Պետությունների Համագործակցության կրթության գերազանցիկ» կրծքանշանով պարգևատրեցին ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչների և կրթության ոլորտի մի շարք աշխատողների։
Արթուր Մարտիրոսյանը շնորհավորեց պարգևատրվածներին և ընդգծեց․ «Դուք ունեք յուրահատուկ մասնագիտություն։ Մենք բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը և հույս ունենք, որ ձեզ նաև հասարակությունը կգնահատի»։
Համաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում՝ թրեյնինգների, քննարկումների, վարպետաց դասերի ձևաչափով։
Աշխատանքային օրն ամփոփվեց կրթության ոլորտում ինովացիոն և տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ կազմակերպված ցուցահանդեսով