Մանկավարժական համալսարանում կայացավ Երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջազգային դպրոցը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի՝ «Ռուսաց լեզուն. հաջողության իմ բանաձևը» նախագծի վերջին փուլն է, որն իրականացնում է ՌԴ-ի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը։
Ձեռնարկին մասնակցում էր 4 երկրի 16 համալսարանի 40 մասնակից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Ղրղզըստանից և Տաջիկստանից։
Ապագայի ուսուցիչ. հաջողության համընդհանուր բանաձև, ռուս անվանի գիտնականների և մշակութային գործիչների հաջողության բանաձևը, ռուսաց լեզվի հաջող դաս. գաղտնի բանաձև, կյանքի բանաձևը ժամանակակից ռուսական գրականության և մշակույթի մեջ․բուհերի բանասիրական և մանկավարժական ֆակուլտետների մասնակից-ուսանողները ռուսերենով այս թեմաների վերաբերյալ ներկայացրել են տեսանյութ կամ մուլտիմեդիա շնորհանդես։
ՀՊՄՀ Միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ Աննա Հախումյանը, ողջունելով դպրոցի մասնակիցներին, ընդգծեց՝ կրթական այն հաստատությունում եք, որն ունի 100 տարվա պատմություն, և որի առաքելությունը մեր երկրի համար ուսուցիչներ, մանկավարժներ պատրաստելն է։
Աննա Հախումյանը վստահեցրեց՝ Երիտասարդ առաջնորդների դպրոցը մասնակիցների համար կբացահայտի հաջողության իրենց բանաձևը։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ, փորձագետ, ծրագրերի համակարգող Տատյանա Դրոնսկայան շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ ծրագիրը համատեղ կյանքի կոչելու համար։
Մասնագիտությամբ մանկավարժ Տատյանա Դրոնսկայան նկատում է՝ օտարազգի շատ ուսանողներ է ունեցել․ բոլորն էլ համակարծիք են՝ ռուսաց լեզուն եզակի է ու տարբերվող, իսկ նախագիծը կարևոր քայլ՝ այն հանրահռչակելու համար։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչը տեղեկացրեց՝ դպրոցի շրջանակներում մասնակիցներին կհյուրընկալեն նաև «Ռուսսկիյ դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, կծանոթացնեն կառույցի գործունեությանը, ծրագրերին։
Երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցի ծրագիրը գերհագեցած է․ նպատակ ունի զարգացնել մասնակիցների նախագծային ու առաջնորդական հմտությունները, թիմում աշխատելու և աշխատանքը կազմակերպելու կարողությունները, որոնք անհրաժեշտ են ապագա ուսուցիչներին:
Դպրոցի շրջանակներում կներկայացվեն առաջնային դասերի կազմակերպման նորարարական ձևերը, այդ թվում վարժություններ՝ թիմային փոխգործակցության, հաղորդակցության, առաջնորդության որակների բացահայտման վերաբերյալ։
Նախատեսված են նաև ինտերակտիվ դասախոսություններ՝ ժամանակակից երիտասարդության հնարավորությունների և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագծերի վերաբերյալ, կանցկացվեն վարպետության դասեր՝ ռուսաց լեզվի, տարբեր լսարանների դասավանդման մեթոդների, թիմային անհատական արդյունավետության և աշխատանքի վերաբերյալ։
Կկազմակերպվեն նաև ինտելեկտուալ խաղեր, նախագծային գաղափարների և նախաձեռնությունների հանրային ներկայացում։
Երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցի փակման արարողությունը կկայանա դեկտեմբերի 15-ին․ կամփոփվի «Ռուսաց լեզուն. հաջողության իմ բանաձևը» մրցույթը, կլինեն պարգևատրումներ։