ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում պատկերվեց լեզվաբան Աշոտ Աբրահամյանի դիմանկարի իլյուստրացիան
25.04.2022
ՀՊՄՀ-ում պատկերվեց լեզվաբան Աշոտ Աբրահամյանի դիմանկարի իլյուստրացիան

Այսօր ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի սրահում պատկերվեց հայտնի լեզվաբան, գրաբարագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի դիմանկարի ծավալային գրաֆիկայով իրականացված իլյուստրացիան։

Նախագծի հեղինակները Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս Տարոն Ալեքսանյանն ու նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լուիզա Հովհաննիսյանն են։

Ձեռնարկին ներկա էին Բանասիրական ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ։

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը նկատում է՝ մեր օրերում անվանիներին մեծարելը կարևոր է․ «Միջոցառումը չի տեղափոխում անցյալ, այլ անցյալն է տեղափոխում ներկա»։

Բանախոսի դիտարկմամբ՝ Աշոտ Աբրահամյանը ոչ թե մեծություն էր, այլ հսկա՝ իր գիտելիքների, նկարագրի, թողած ժառանգության առումով։

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը մի շարք հետաքրքիր դրվագներ պատմեց անվանի մանկավարժի գործունեությունից և իր ուսանողական տարիներից։

Պրոֆեսորն իրեն երջանիկ մարդ է համարում, որ ուսանել է Աշոտ Աբրահամյանին։ Անկեղծանում է՝ իլյուստրացիան տեսնելով հուզվել է․«Անվանի լեզվաբանը խստապահանջ դասախոս էր, մեծ հայրենասեր ու բացառիկ երևույթ, ով պատրաստակամ էր աջակցելու գիտության նվիրյալներին»։

Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանի կարծիքով՝ իլյուստրացիան տեղին և պատշաճ նախաձեռնություն է։ Վերջինիս գնահատմամբ՝ իր վաստակով և ներդրումով Աշոտ Աբրահամյանի ավանդը մեծ է լեզվաբանության ոլորտում․ «Երիտասարդ սերունդը պետք է ճանաչի իր մեծերին․նրանք մեր ժողովրդի պարծանքն են»։

«Այսօր այստեղ ենք արժևորելու մեր անցյալը, իմաստավորելու Աշոտ Աբրահամյանի ունեցած դերը մեզնից յուրաքանչյուրի ճակատագրում։ Անվանի մանկավարժը գիտության քուրմ էր, ուղենիշ՝ նաև այսօր»,-նշեց Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Պրոֆեսորը, իր ճանաչողության և ընկալման առումով, իլյուստարցիան մոդեռն, բայցև դասական համարեց։

«Մեզանում հայ մեծերին հանրահռչակելու, նրանց գործունեությունը հանրայնացնելու կարիք կա»,- նախագծի հեղինակ Տարոն Ալեքսանյանն է նկատում։

Գրաֆիկ-դիզայները տևական ժամանակ համագործակցում է իր ուսանողի հետ ՝ բուհում իրականացնելով մի շարք նորարարական նախագծեր։

Խոստանում է՝ նախագիծը շարունակական կլինի․ առաջիկայում մտադիր է նոր տեխնիկա կիրառելով՝ իրագործել գաղափարական այլ նախագծեր ևս։

Նշենք, որ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, մեծանուն լեզվաբան Աշոտ Աբրահամյանը երկար տարիներ ղեկավարել է ՀՊՄՀ-ի Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։

Աշոտ Աբրահամյանի մեծագույն ծառայությունը հայագիտությանը եղել և մնում է հայ միջնադարի երկու մեծարժեք մատյանների՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» և Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխարհաբար թարգմանությունը։