ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ասպիրանտը՝ փորձագրական մրցույթի հաղթող
26.05.2022
ՀՊՄՀ ասպիրանտը՝ փորձագրական մրցույթի հաղթող

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի հայցորդ Ռուզաննա Սարգսյանը Լիբանանի «Տարբերակ 21» հանդեսի «Վերջին 300 տարիների ամենաազդեցիկ հայը» փորձագրական մրցույթում զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը և արժանացել դրամական պարգևի։

«Տարբերակ 21»-ը, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի նյութական աջակցությամբ, նորարար շնչով, տարբեր երկրների գրողների, հրապարակագիրների, արվեստագետների և այլ ոլորտների մասնագետների համագործակցությամբ հայ հրապարակագրությունը, գրականությունը, լրագրությունը և գիտական միտքը զարգացնելու նպատակով ստեղծված հանդես է։

Մրցույթի ժյուրիի կազմում են եղել Բեռլինի Ազատ համալսարանի Օսմանյան ուսումնասիրությունների և թուրքագիտության ինստիտուտի դոկտոր Էլքէ Հարթմանը, Կոլումբիայի համալսարանի դասախոս Նանոր Գպրանյանը, պատմական գիտությունների դոկտոր, Բեռլինի «Հուշամատյան» կայքի հիմնադիր-ղեկավար Վահե Թաշճյանը:

«Դժվար էր բազում հայ նվիրյալ հայերի միջից ընտրել ամենաազդեցիկին: Հաշվի առնելով տվյալ պատմական ժամանակահատվածում տղամարդ գործիչների ակտիվ ներգրավվածությունը, որոշեցի ուսումնասիրել ազդեցիկ հայուհիներին․ ընտրեցի ակտիվ, նպատակասլաց, ուժեղ և օրինակելի Զապել Եսայան հայուհուն։ «Վերջին 300 տարիների ամենաազդեցիկ հայը. Զապել Եսայան» հոդվածում ներկայացրել եմ հայ կնոջ հավաքական կերպարը, որն ամփոփված էր Զապել Եսայանի մեջ»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Ռուզաննա Սարգսյանը։

Վերջինս հավելեց՝ հայոց պատմության վերջին 300 տարիները բարդ, օրհասական և բազում մարտահրավերներով լի էին։ Հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում հայ հասարակության արժեհամակարգային առանձնահատկությունները՝ հայ կնոջը քաղաքական, հասարակական գործունեությամբ զբաղվելու համար պահանջվում էր ամուր կամք, ոգի և հնարամտություն։ Հատկապես, երբ արդիական էին Եղեռնից հետո մազապուրծ եղած հազարավոր որբերի անվտանգության և կացության հարցերը։

Ռուզաննա Սարգսյանը նկատում  է՝ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զապել Եսայանն անձնազոհ կերպով նվիրել էր իր կյանքը այդ գործին և ոչ միայն:

ՀՊՄՀ ասպիրանտն ընդգծեց՝ ամերիկյան Refinery29 կայքում Զապել Եսայանը ներկայացված է որպես մարդկության պատմության ամենախիզախ կանանցից մեկը։ Նա նպատակասլաց և օրինակելի կին էր, ինչը վտանգավոր էր իր ապրած ժամանակներում։

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է «Տարբերակ 21» առցանց հանդեսում։