ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դասախոսների այցը՝ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան
03.03.2025
ՀՊՄՀ դասախոսների այցը՝ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան

Փետրվարի 24-26-ը ՀՊՄՀ «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» գերազանցության կենտրոնի ծրագրի շրջանակներում Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Արթուր Թադևոսյանը, Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանը, Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիայի դասախոս Անժելա Մինասյանն ու Ֆիզիկայի և  նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ Անուշ Դանիելյանն Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում էին։

ԲՏՃՄ՝ ինֆորմատիկա, Ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն ոլորտները ներկայացնող մասնագետների այցի նպատակն էր ուսումնասիրել արտերկրի առաջավոր բուհերում համանման կենտրոնների գործունեությունն ու կուտակած փորձը՝ Գերազանցության կենտրոնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար։

Այցի շրջանակներում ՀՊՄՀ պատվիրակները ծանոթացան Վալյադոլիդի  համալսարանի կառուցվածքին ու առանձին՝ կրթության, գիտության, բժշկության, փիլիսոփայության և պատմության, տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների տեղաբաշխվածությանը։ Այնուհետև, կրթության ֆակուլտետի վարչական աշխատակիցները ՀՊՄՀ պատվիրակներին ներկայացրին ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրի առանձնահատկությունները:

«Կրթական ծրագրում հիմնական ժամաքանակը հատկացված էր մանկավարժական առարկաներին, դասավանդման մեթոդիկաներին ու դիդակտիկ նյութերի պատրաստմանը։ Այստեղ ուսանողներին սովորեցնում էին, թե ինչպես սովորեցնել՝ "teach how to teach"։ԲՏՃՄ առարկաների մեջ այս համալսարանում ընդգրկված են նաև արվեստի ոլորտի (նկարչություն, երաժշտություն) առարկաներ: Արդյունքում՝ ԲՏՃՄ (STEM) կոչվում է ԲՏՃԱՄ (SТЕАМ)»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Թադևոսյանը:

ՀՊՄՀ ներկայացուցիչները եղան նաև Վալյադոլիդի համալսարանի Սեգովիայի մասնաճյուղում, որտեղ ուսուցիչներ են պատրաստում տարրական դպրոցների համար։ Մասնավորապես՝ տարրական դասարաններում STEAM առարկայի միջոցով իրականացվում են բնապահպանական նախագծեր, որոնք վերաբերում են կլիմայական փոփոխություններին։

Այցի շրջանակներում նրամք ոչ միայն լսողի ու դիտողի դերում էին, այլև նրանց հնարավորություն տրվեց մասնակցելու STEAM առարկայի գործնական պարապմունքին, որտեղ ուսանողները խմբային աշխատանք էին կատարում «Ինչ անել, որ ինքնաշեն թռչող սարքն անցնի ավելի երկար ճանապարհ» առաջադրանքի շուրջ ։

Վալյադոլիդի համալսարանում ՀՊՄՀ պատվիրակները  մասնակցեցին նաև FERTILE հարթակի միջոցով STEAM առարկայի շրջանակում նախագծային աշխատանքների իրականացման վերաբերյալ կազմակերպված սեմինարին։

Նրանք եղան նաև Վալյադոլիդի համալսարանի քիմիական լաբորատորիայում, ծանոթացան նախագծի, որի նպատակն էր կրթության մեջ գիտության և սոցիոլոգիայի ինտեգրումը։

Այցելություններ եղան նաև Վալյադոլիդի համալսարանի ռեկտորատ, գիտական և կրթական ժամանակակից հագեցվածություն ունեցող տարբեր լաբորատորիաներ, որտեղ տեղի ուսանողները հնարավորություն ունեին իրականացնելու իրենց գիտական ուսումնասիրություններն ու հետազոտությունները։

Վալյադոլիդ կատարած այցի շրջանակներում Մանկավարժականի պատվիրակները հյուրընկալվեցին նաև կաթոլիկ դպրոցում (School Nuestra Senora de Lourdes), հանդիպեցին և քննարկումներ ունեցան դպրոցի տնօրինության հետ։

ՀՊՄՀ պատվիրակները վստահ են՝ վերոնշյալ այցելություններից, քննարկումներից և սեմինարներից ստացված փորձը կօգնեն հետագայում մշակել ՀՊՄՀ գերազանցության կենտրոնի ուսումնական մասի բովանդակությունը՝ ԲՏՃՄ ուղղությամբ կրթական ծրագրերի վերանայման, վերապատրաստման մոդուլների մշակման գործում: