ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դասախոսների այցը Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարան
29.03.2022
ՀՊՄՀ դասախոսների այցը Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2019 թվականից բավական արդյունավետ համագործակցություն է հաստատել Մեծ Բրիտանիայի լավագույն կրթական հաստատություններից մեկի՝ Կիլի համալսարանի հետ: Այս ուսումնական տարում փոխանակման ծրագրով մեկ կիսամյակով Կիլ են մեկնել ֆակուլտետի 6 ուսանողներ:

2022 թվականի մարտի 14-25-ը նաև Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դասախոսները փոխանակման ծրագրով հերթական անգամ Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանում էին:

Ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը, Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը երկշաբաթյա աշխատանքային այցով Կիլի համալսարանում էին: Նրանք հանդես եկան դասախոսություններով, ունեցան տարատեսակ հանդիպումներ և սեմինարներ:

Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց «Խորհրդային Հայաստանի սփյուռքյան քաղաքականությունը», «Ազգային և էթնիկ հակամարտությունները Անդրկովկասում ԽՍՀՄ փլուզումից հետո», «Արցախյան հիմնահարցը արդի փուլում», Սամվել Պողոսյանը՝ «Էթնիկ զտումները և ցեղասպանական քաղաքականությունը Անդրկովկասում մինչև 1920 թվականը», «Հայոց ցեղասպանությունը և հայերի համակենտրոնացման ճամբարները», «Ղարաբաղյան հակամարտության ակունքները», Խաչատուր Ստեփանյանը՝ «Խորհրդային հանրապետությունների ձևավորումը և դրա ազդեցությունը էթնիկ հակամարտությունների վրա», «Լեռնային Ղարաբաղը Խորհրդային շրջանում», «Անդրկովկասի խորհրդայնացումը» թեմաներով:

Դասախոսությունների ընթացքում քննարկվեցին Արցախյան հիմնախնդիրը, դրա լուծումների ու հետագա անելիքերի հարցը, Հայոց ցեղասպանությանն ու խորհրդային պետության ազգային քաղաքականությանն առնչվող հիմնահարցեր: Բրիտանացի ուսանողներին ու դասախոսներին բավական հետաքրքիր էր նաև ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում: Նման դասախոսությունները նպատակ ունեն օտարազգի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ծանոթացնելու Հայաստանին ու հայերի հետ կապված հիմնախնդիրներին:

Այցի ընթացքում ձեռք են բերվել հետագա գիտակրթական համագործակցության մասին նոր պայմանավորվածություններ: