ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դասախոսը՝ 50-ամյա դպրոցական երգչախմբի խմբավար
27.06.2023
ՀՊՄՀ դասախոսը՝ 50-ամյա դպրոցական երգչախմբի խմբավար

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց Հատուկ ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադրման 50-ամյակը։

Դպրոցի փոքր երգչախմբի ղեկավարը՝ խմբավարը Մանկավարժական համալսարանի Երաժշտության մանկավարժության ամբիոնի ասիստենտ Քրիստինե Խաչիկյանն է։ Վերջինս նաև Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է և շատ կարևորում է երգչախմբային արվեստի զարգացման գործում բուհական կրթությունը։

Երգչախմբային մասնագիտական դպրոցը եզակի է իր տեսակով Հայաստանում, ինչը ենթադրում է առավել մեծ պատասխանատվությամբ աշխատանք երեխաների հետ։ Քրիստինե Խաչիկյանը www.old.aspu.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ մանկավարժական կրթությունն ու բուհում դասավանդելու բազմամյա փորձը նպաստում է երեխաների հետ աշխատանքը ևս հաջողելուն։

Դպրոցի սաները օժտված երեխաներ են, որոնք իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են մասնագիտական հաստատություններում, նաև՝ Մանկավարժական համալսարանում։ Քրիստինե Խաչիկյանն ուրախությամբ է նկատում, որ նման սաների դիմելը Մանկավարժական համալսարան իր մեծագույն նպաստը կունենա մեր երկրում երգչախմբային արվեստի զագացման գործում։

Քրիստինե Խաչիկյանն իր ուսանողներին հաճախ է դպրոց հրավիրում՝ նպատակ ունենալով նրանց գործնականում ծանոթացնել երգչախմբային արվեստի հմտություններին։

Թեև դպրոցի սաները հաճախ են հանդես գալիս համերգներով, սակայն Քրիստինե Խաչիկյանի ցանկությունն է նրանց համերգը կազմակերպել նաև Մանկավարժական համալսարանում․ ավարտելուց հետո ուսանողներն առավել մեծ ձգտում կունենան երգչախմբերի հետ աշխատելու, իսկ սաները կկողմնորոշվեն բուհ ընտրելու գործում։