ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դասախոսը՝ «Արհմիութենական սպորտ-2024»-ի ոսկե մեդալակիր
13.03.2024
ՀՊՄՀ դասախոսը՝ «Արհմիութենական սպորտ-2024»-ի ոսկե մեդալակիր

Օրերս Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Արհմիութենական սպորտ-2024» խորագրով սպորտային միջոցառում։

Մրցաշարին, ի թիվս հանրապետության բազմաթիվ արհմիութենական կառույցների, մասնակցեցին նաև Հայաստանի բուհերի արհմիության ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՊՄՀ Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Լիլիթ Գրիգորյանը։ Վերջինս թենիսի կանանց մրցաշարում գրավեց առաջին տեղը և արժանացավ ոսկե մեդալի։

Ի դեպ, մեդալների հաշվարկով՝ առաջին տեղը զբաղեցրեց և արհմիութենական գավաթին արժանացավ Հայաստանի բուհերի արհմիությունը․Միության ներկայացուցիչները ոսկե մեդալի էին արժանացել նաև շախմատի կանանց և տղամարդկանց մրցաշարում։

Սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ, բոուլինգ և դարթս․ արհմիության շուրջ 130 ներկայացուցիչ չորս օր մասնակցեց սպորտային թեժ ու հետաքրքիր պայքարի։ Սպորտային միջոցառումներից բացի, անցկացվեցին աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող դասընթացներ և արհմիութենական զրույցներ, որոնք կարևոր են մասնակիցների՝ ոլորտին առնչվող գիտելիքների հարստացման տեսանկյունից։

Մասնավորապես, անդրադարձ եղավ մեզանում հաճախ խախտվող աշխատանքային իրավունքներին, այդ թվում՝ աշխատավայրում խտրականությանն ու բռնությանը, դրանցից խուսափելու քայլերին, ինչ իրավունքներ ունեն գործատուն և աշխատակիցը, ինչ գիտելիքներ են պետք թե՛ աշխատողին և թե՛ աշխատակցին՝ սեփական սոցիալական երաշխիքների բավարարման համար։

ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Էդիկ Գուլյանի կարծիքով, նման միջոցառումները արհմիութենականների համար կարևոր են ինչպես իրազեկված լինելու, այնպես էլ իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը արհմիութենական գործընկերների շրջանում տարածելու տեսանկյունից։