Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:
Խորհրդի անդամները, բուհի հոբելյանական տարում՝ 2022 թվականին, կառույցի վարած քաղաքականության, ուսումնագիտական ոլորտում նորարարությունների ու ձեռքբերումների մասին նախ ծանոթացան տեսաֆիլմից, որին հաջորդեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի զեկույցը:
Ռեկտորը բուհի անունից շնորհավորեց Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահեցրեց՝ ՀՊՄՀ-ում առավել բարձր պատասխանատվությամբ կիրականացնեն կրթության որակի բարձրացմանը միտված գործընթացները՝ հաջորդ տարեվերջին ունենալու նոր որակական ցուցիչներ։
Պրոֆեսոր Գևորգյանն ընդգծեց՝ տարին առանձնահատուկ էր բուհի համար․ նշվում էր մեկդարյա հոբելյանը և այն նշանավորվեց ինչպես նոր ձեռքբերումներով և իրականացված բազմաբնույթ ձեռնարկներով, այնպես էլ առանցքային ու որակական գործընթացներով։
Նա առանձնացրեց բուհի 2022-2025 թթ․ ռազմավարական ծրագրի մշակումն ու Խորհրդի կողմից դրա հաստատումը, ընդգծելով՝ հավակնոտ, բայց իրատեսական նշաձող էր բոլոր ուղղություններով։
Ռեկտորը կարևորեց նաև բուհում մասնագիտական կրթական ծրագրերի ամբողջական վերանայումն ու կրթական վերջնարդյունքների համապատասխանեցումը ՀՀ կրթության մինչև 2030 թ․ ռազմավարական ծրագրի հայեցակարգին, որակի ապահովման ներքին համակարգի վերափոխումը, գիտահետազոտական գործունեությունն ու միջազգային գործընթացները, ընդգծելով՝ հաշվի են առել ժամանակի մարտահրավերները՝ հատկապես բնագիտության ոլորտում։
Բուհի ղեկավարը ներկայացրեց 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունը՝ դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, բաշխվածությունը, եկամուտների և ծախսերի կատարողականը, ինչպես նաև Խորհրդի հաստատմանը ներկայացրեց 2023 թվականի բյուջեի նախահաշիվը։
Ռեկտորը բուհի ֆինանսական շարժը դրական գնահատեց, սակայն մտահոգիչ համարեց հանրապետության բուհերում, այդ թվում՝ ՀՊՄՀ-ում, դիմորդների և ընդունվողների թվի նվազումը, ընդգծելով՝ ուսումնական գործընթացի պատշաճ կատարման համար լուրջ ֆինանսական ներդրումներ են պահաջվում։ Վստահեցրեց՝ ֆինանսական միջոցները փորձում են արդյունավետ օգտագործել՝ ի շահ որակյալ կրթության և բուհի կայունության։
Խորհրդի անդամ, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է բարձրացնել բուհի պրոֆեսորդասախոսական կազմի աշխատավարձը, ռեկտորը պատասխանեց՝ բարձրացում սպասվում է, բայց դժվարանում է ասել՝ քանի տոկոսով․ պետք է հաշվարկվեն ռիսկերն ու դիտարկվեն հնարավորությունները։
Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը կրթության ոլորտում վարձատրության չափերի բարձրացումը տրամաբանական համարեց․ կարծում է, որ այդ առումով անելիքներ ունի ոչ միայն բուհը, այլև բուհի Խորհուրդն ու պետությունը։
Խորհրդի նախագահը ուսանողների թվի նվազումն օրակարգային լուրջ խնդիր է համարում․ այդ ուղղությամբ քննարկում են լրացուցիչ ծրագրեր, որոնք կխթանեն ուսանողների մուտքը համալսարան՝ մեծացնելով դիմելիությունը․«Մանկավարժության ոլորտում պետք է վերանայել պետական ֆինանսավորման քաղաքականությունն ու մոտեցումները։ Մանկավարժական համալսարանը պետք է լինի առանձին հոգածության ներքո»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։
Խորհուրդը միաձայն հաստատեց ինչպես ընթացիկ տարվա տարեկան և ֆինանսական հաշվետվությունը, այնպես էլ ՀՊՄՀ-ի 2023 թվականի բյուջեն՝ հույս հայտնելով, որ դրանք կհամալրվեն լրացուցիչ ծրագրերով։
Խորհրդի նիստում հաստատվեց նաև ՀՊՄՀ 2023 թվականի հաստիքացուցակն ու կառուցվածքային փոփոխությունները, որը ներրկայացրեց բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Պրոռեկտորն ընդգծեց՝ փոփոխությունները պայմանավորված են բուհի առաքելությամբ, ռազմավարությամբ, մանկավարժական կրթության առջև ծառացած ժամանակի մարտահրավերներով, մեկ տարվա ընթացքում կատարած ուսումնասիրություններով և հետազոտություններով։
Ռեկտոր Գևորգյանը, բուհի մեկդարյա հոբելյանի առթիվ, ՀՊՄՀ-ում ներդրած ավանդի և ակտիվ փոխգործակցության համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրեց Խորհրդի անդամներ, բուհի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանին և Միջազգային համագործակցության բաժնի նախկին պետ Քրիստինա Ծատուրյանին։
Խորհրդի նախագահը նիստում անդրադարձավ Արցախում ստեղծված հումանիտար աղետին, արցախցի ուսանողների կրթության խնդիրներին և հորդորեց բուհին իր ձայնը լսելի դարձնել գործընկերների շրջանում, միջազգային հնարավոր բոլոր հարթակներում։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց բուհին՝ ընթացիկ տարում կատարած մեծածավալ աշխատանքի, գիտակրթական կարևոր ձեռնարկների իրականացման համար։
Նա կարևորեց Խորհրդի անդամների համատեղ գործակցությունը՝ նաև մասնագիտական տեսանկյունից, ընդգծելով, որ այն օրինակ պետք է լինի այլ բուհերի համար․ «Խնդիրները լուրջ են․ պետական քաղաքականության շրջանակում բուհի հետ համատեղ անհրաժեշտ է շեշտակի ջանքեր ձեռնարկել։ Դրա համար նախ անհրաժեշտ է խաղաղություն, որ ունենանք այն միջավայրն ու պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն իրագործել բոլոր ծրագրերը՝ մեր երկրի զարգացման ու հզորացման համար․ կրթության ոլորտն այդ առումով ունի կարևոր նշանակություն»,- նշեց Ժաննա Անդրեասյանն ու մաղթեց, որ հաջորդ տարին ամփոփվի առավել մեծ արդյունքներով, խաղաղ և տոնական տրամադրությամբ։