ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ Խորհուրդն ամփոփեց տարին
20.12.2023
ՀՊՄՀ Խորհուրդն ամփոփեց տարին

Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:

Խորհրդի անդամները  կառույցի  վարած քաղաքականության, ուսումնագիտական ոլորտի գործընթացներին, ձեռքբերումներին և նորարարությունների ծանոթացան տեսաֆիլմից, որին հաջորդեց  ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի զեկույցը:

Բուհի ղեկավարը ներկայացրեց 2023 թվականի ֆինանսական գործունեության հաշվետվությունը,ինչպես նաև Խորհրդի հաստատմանը ներկայացրեց 2024 թվականի բյուջեի նախահաշիվը։

Ռեկտոր Գևորգյանը դրական գնահատեց, որ վերջին 4 տարվա համեմատությամբ, ընթացիկ տարում գրանցվել է դրամական մուտքերի ամենաբարձր ցուցանիշը, այդ թվում՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերից․«Դժվար է խոսել ֆինանսական խնայողությունների մասին, սակայն  կարևորում ենք միջոցներն  արդյունավետ հաշվարկելն ու դրանք ի շահ որակյալ կրթության կազմակերպմանն ուղղելը։ 2024 թվականի նախահաշիվը համապատասխանում է իրատեսական պլանավորումներին և անհրաժեշտ է բուհի բնականոն գործունեությունն ապահովելու համար»,-նշեց նա։

Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ Մանկավարժականում որակի կազմակերպման գործընթացին, վերջանարդյունքի համադրելիությանը՝ նկատելով, որ ձեռքբերումները շատ են, անելիքները՝ ևս։

ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ բուհը հագեցած տարի է ունեցել և հաջողությամբ իրականացրել բազմաթիվ նոր գործառույթներ ևս։ Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հայաստանում կայանալու է ԱՊՀ երկրների մանկավարժության ոլորտի համաժողովը և տրամաբանական համարեց, որ ձեռնարկի կազմակերպումն ու հյուրընկալումն իրականացնի Մանկավարժական համալսարանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց` բուհն իր կարողություններով, ռեսուրսով պետության համար կարևոր օղակ է, իսկ ձեռնարկը կնպաստի կառույցի միջազգային կապերի ամրապնդմանը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահն անդրադարձավ նաև բուհի ֆինանսական վիճակին և մեկ անգամ ևս նշեց, որ մանկավարժական կրթության ֆինանսավորման նկատմամբ պետական մոտեցման վերանայման կարիք կա։ Ժաննա Անդրեսայանը վստահեցրեց՝ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակեն հաջորդ տարի՝ պետության կողմից բուհի ֆինանասավորման առավել արդյունավետ բանաձևեր գտնելու համար․««Ակադեմիական քաղաք» հայեցակարգի շրջանակներում քննարկվող ուղղություններից մեկը կրթական կլաստերն է, կրթության ոլորտի մասնագիտություններն ուսուցանող համալասարան, որի հիմնական բազա դիտվում է Մանկավարժականի հիմքով»։

Խորհրդի անդամ, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի հարցին՝  արդյո՞ք նախատեսվում է բարձրացնել բուհի պրոֆեսորդասախոսական կազմի աշխատավարձը, ռեկտորը պատասխանեց՝  աշխատավարձի վերանայում սպասվում  է․ աշխատանքային քննարկումներ եղել են, այդ մասով կան նաև առաջարկներ։

Խորհուրդը միաձայն հաստատեց ինչպես ընթացիկ տարվա տարեկան և ֆինանսական հաշվետվությունները, այնպես էլ  ՀՊՄՀ-ի 2024 թվականի բյուջեն։

Խորհրդի նիստում հաստատվեց նաև ՀՊՄՀ 2024 թվականի հաստիքացուցակը, որը ներկայացրեց բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Պրոռեկտորը ներկայացրեց ֆինանսական և դրույքային փոփոխությունները, խնայողությունները, իրատեսական համարեց աշխատավարձերի բարձրացումն ու հույս հայտնեց, որ պետության կողմից ևս կլինի աջակցություն։  

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանի առաջարկով՝ Հոգաբարձուների խորհուրդն ի գիտություն ընդունեց բուհում 0 կուրս ձևավորելու հնարավորությունը։