ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոս Անի Դավթյանն օրերս մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած «Անկախ պետությունների համագործակցություն-լավագույն ուսանող 2022» միջազգային նախագծին։
ՀՊՄՀ մագիստրոսը ներկայացրել է «Ավագ դպրոցականի անձի տիպի ազդեցությունը մասնագիտական կողմնորոշման վրա» թեմայով գիտական հոդվածը․ գիտական ղեկավար՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Խաչատրյան։
Անի Դավթյանի աշխատությունը հանձնաժողովը հավանության է արժանացրել և բարձր գնահատել։
Վերջինս արժանացել է առաջին կարգի դիպլոմի և շքանշանի, իսկ գիտական ղեկավար Արմինե Խաչատրյանը՝ պատվոգրի։ Համագործակցության համար հանձնաժողովը հոգեբանական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանին պարգևատրել է շնորհակալագրով։
Նշենք, որ «Անկախ պետությունների համագործակցություն-լավագույն ուսանող 2022» միջազգային նախագծին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի,Ղազախստանի, Ղրղզըստանի, Ուզբեկստանի , Տաջիկստանի և այլ հանրապետությունների ուսանողներ:
«Անի Դավթյանի հաղթանակը նաև մեր աշխատանքի մասին է վկայում․ֆակուլտետը բարձր է գնահատում մագիստրոսի կարևոր ձեռքբերումը։ Հուսով եմ՝ այն շարժառիթ կդառնա մեր մյուս ուսանողների համար ևս»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը։