Վարդուհի Մկրտչյանը ՀՊՄՀ-ի Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա ֆակուլտետի Ֆիզիկա բաժնի մագիստրոս է, ով ընդգրկված է նաև Բյուրականի աստղադիտարանի խմբում և վերջերս մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթին։
Մրցույթի արդյունքում՝ 7 անդամ ունեցող գիտահետազոտական խմբի ներկայացրած թեման՝ «Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտումն ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության միջոցով» արժանանացել է դրամաշնորհի։
Ի դեպ, ՀՊՄՀ մագիստրոս Վարդուհի Մկրտչյանը միակն է գիտահետազոտական խմբում, որ ուսանող է։
Խմբի ղեկավարը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն է։ old.aspu.am-ի հետ զրույցում Վարդուհի Մկրտչյանն ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանում բազմիցս մասնակցել է աստղագիտությանը վերաբերվող մի շարք դասընթացների, գիտաժողովների։
Վերջինս առանձնակի կարևորեց բուհի և Բյուրականի աստղադիտարանի համատեղ միջոցառումները, որոնց ընթացքում էլ ընդլայնվել է գիտական տարբեր ձեռնարկների՝ միջազգային դասընթացներ և դպրոցներ մասնակցելու շրջանակը։
ՀՊՄՀ մագիստրոսը խոստովանում է՝ համալսարանում է սկիզբ դրվել աստղագետների հետ ծանոթանալու, ոլորտին վերաբերող հարցերը գիտական շրջանակներում քննարկելու հնարավորությունը։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է այս տարվա հոկտեմբերին․ 5 տարի շարունակ դրամաշնորհ կտրամադրվի Բյուրականի աստղադիտարանի գիտահետազոտական խմբին։