Մայիսի 11-13-ը Արցախի պետական համալսարանում էր Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, Հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի հայցորդ Հովհաննես Սարգսյանը և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Աննա Դավթյանը:
Վերջիններս Արցախում մասնակցեցին 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված գիտաժողովին։
Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկան ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում․ՀՊՄՀ հայցորդ Հովհաննես Սարգսյանը ներկայացրեց «Մովսես Խորենացին Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատությունում» (գիտական ղեկավար` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյան), իսկ մագիստրոս Աննա Դավթյանը՝ «Պատմությունը Հայկ Խաչատրյանի պատմավեպերում» (գիտական ղեկավար` բանասիրական, գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Գալստյան) թեմաներով զեկուցումները։
Գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր և գրքեր:
ԱրՊՀ-ի ռեկտոր Արմեն Սարգսյանը հավաստիացրեց՝ ընտրված զեկուցումները կտպագրվեն, իսկ ՀՀ բուհերից եկած ուսանողները կհրավիրվեն Պատարայում կազմակերպվող ամառային դպրոց-ճամբարին:
Այցի շրջանակներում Մանկավարժականի պատվիրակությունը ԱրՊՀ Բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանի ուղեկցությամբ հանդիպեցին բուհի Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտո Վիտյա Յարամիշյանին։
Վերջինս ընդգծեց մանկավարժական մայր բուհի հետ վաղեմի կապն ու համագործակցության ավանդույթները։
Շահագրգիռ քննարկում ծավալվեց նաև գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Քնարիկ Աբրահամյանը պոլսահայ գրականությանը նվիրված դասախոսությամբ հանդես եկավ բակալավրիատի 3-րդ կուրսում, ապա ուսանողներին և դասախոսական կազմին նվիրեց իր հեղինակած գրքերը:
Այցի ընթացքում ՀՊՄՀ պատվիրակությունը մասնակցեց նաև ԱրՊՀ-ի զոհված ուսանող-ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցած խոնարհման և հիշատակի արարողությանը։
Աբովյանականները մասնակցեցին նաև փորձի փոխանակման շրջանակում կազմակերպված բնագրի վերլուծության սկզբունքներին նվիրված Նոնա Դավթյանի ինտերակտիվ դասախոսությանը, ինչպես նաև ներկա գտնվեցին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԱրՊՀ ուսանողների կազմակերպած հուշ-երեկոյին։