Հոկտեմբերի 21-25-ը ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Իսպանիայի Գրանադայի համալսարանում էր։
Էրազմուս+ DESIRE (Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում փափուկ հմտություններ) ծրագրի համակարգողը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանն է, Մանկավարժականը՝ ծրագրի գործընկեր։ Ծրագրում ընդգրկված են նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ և կազմակերպություններ Հայաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Իռլանդիայից:
Աշխատանքային այցի շրջանակներում Մանկավարժականի ներկայացուցիչները մասնակցեցին կարողությունների զարգացմանը միտված կրթական-աշխատանքային հանդիպումների, վերապատրաստումների։
Հիմնական թեման «փափուկ հմտությունների» ներառումն էր համալսարանական կրթական ծրագրերում՝ ի նպաստ մասնագիտական կայացման, հաջող կրթական և մասնագիտական ճանապարհային քարտեզի իրագործման։
Վերապատրաստումների ընթացքում անդրադարձ կատարվեց եվրոպական բարձրագույն կրթական տարածքում առկա ընդհանրական փորձին՝ Գրանադայի գործնական փորձառության հաջողված օրինակի հիման վրա։
Իսպանական համալսարանի ներկայացուցիչները խոսեցին նաև փափուկ հմտությունների ծրագրային ներդրման տարբեր մեթոդների, ինչպես նաև դրանց զարգացման և գնահատման մեթոդաբանության հիմնական հարցերի շուրջ։
Մասնակիցները ծանոթացան մի շարք արդիական թեմաների, այդ թվում՝ փափուկ հմտությունների զարգացումը բուհ-գործատու կապի, հետազոտական աշխատանքների իրականացման ընթացքում, նախագծային ուսուցման/ուսումնառության շրջանակներում, ինչպես նաև թվային ռեսուրսների հարթակների միջոցով։ Վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունը մանրամասնվեց «Թվային համալսարան» նախագիծ-կենտրոնի ռեսուրսների ներկայացմամբ․«Փափուկ հմտությունների ներդրման հարցը դիտարկվում է կրթական համակարգում և, առհասարակ, 21-րդ դարի հմտությունների առավել լայն համատեքստում՝ նպատակ ունենալով խթանել հմտությունների ամբողջական շարք՝ մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և կարողունակությունների համադրում, մասնագետի կայացում և առաջխաղացում, հեշտ ներառում մասնագիտական դաշտում,»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Նա կարծում է, որ փափուկ հմտությունների ներառումը 21-րդ դարի առավել ընդհանրական հմտությունների համատեքստում անհրաժեշտություն է։ Անհրաժեշտություն է նաև կրթական համակարգի արդի հարացույցում՝ ոչ միայն հավելյալ գործնական հմտությունների, կարողունակությունների ցանկում, այլև ողջ կրթական գործընթացում՝ դասավանդումից՝ գնահատում։
Հիշեցնենք, որ Էրազմուս+ DESIRE եռամյա ծրագիր մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին: Այն նպատակ ունի ակադեմիական գիտելիքի և հմտությունների որակի բարձրացման միջոցով բարելավել ուսանողների կարիերայի հեռանկարները, 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան խթանել մրցունակությունն ու ձեռնարկատիրական հմտությունները, աջակցել արդյունավետորեն հաղթահարելու մասնագիտական և առօրյա կենսագործունեության մարտահրավերները: