ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը փետրվարի 13-ին Կուլումբիայի համալսարանում (ԱՄՆ, Նյու Յորք) մասնակցել է «Հայերը, քրդերը և Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանը» խորագրով քննարկմանը։
Պրոֆեսոր Ստեփանյանը ներկայացրել է «Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի Հանրապետության փոխհարաբերությունները 1920-ական թվականներին» խորագրով զեկուցումը։
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի վարիչ Խաչիկ Մուրադյանի հրավերով կազմակերպված քննարկմանը մասնակցել են նաև Ակրոնի, Նյուքասլի, Ջորջ Վաշինգտոնի համալսարանների առաջատար պրոֆեսորներ և գիտաշխատողներ։
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Խաչատուր Ստեփանյանը զուգահեռ հետազոտություն է իրականացրել Բոստոնի «Հայրենիք» հաստատության արխիվներում, որին աջակցել է Հայագիտական հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASSR):
Կառույցի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընթացիկ տարում կկայանա պրոֆեսոր Ստեփանյանի հեղինակած երկու՝ «1921 թվականի փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբությունը» և «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունը Պարսկաստանում 1919-1921 թթ․» գրքերի շնորհանդեսը, կանցկացվի թեմատիկ դասախոսությունների շարք։