Ապրիլի 18-19-ը Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց միջազգային առցանց գիտագործնական գիտաժողով` «АРМЕНОВЕДЕНИЕ В КОНТЕКСТЕ ЯЗЫКОВ И КУЛЬТУР» թեմայով։
Գիտաժողովին մասնակցում էին հայագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Արգենտինայից, Չինաստանից և այլ երկրների բուհերի հայագիտական ամբիոններից։
ՀՊՄՀ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը գիտաժողովին ներկայացրեց «Виды трансформационных моделей в армянском диахроническом словообразовании» թեման։
Պրոֆեսորն իր զեկույցում անդրադարձավ հայերենի պատմական բառակազմությանը. ինչպես հինհայերենյան որոշակի վերլուծական կառույցներ ժամանակակից հայերենում հանդես են գալիս համադրական կառուցատիպերով, որ հետևանք է լեզվական միավորների փոխակերպման գործընթացի․ «Փոխակերպական կաղապարների բացահայտումը և դրանց մեկնաբանությունը որոշակի գաղափար են տալիս հայերենի տարժամանակյա բառակազմական տիպաբանության վերաբերյալ և ամբողջացնում են հայերենի տիպաբանության բնութագրությունը համաժամանակյա և տարժամանակյա կտրվածքներով»,- նշեց Լալիկ Խաչատրյանը։
Գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձան հայագիտության տարաբնույթ հարցերի՝ հայերենի և այլ լեզուների զուգադրական քննություն, ռուսական փոխառություններ, միջմշակութային հաղորդակցություն, թարգմանության տեսություն, հայերենի ուսուցման մեթոդիկայի հարցեր օտարալեզու լսարաններում, հայոց լեզվի պատմություն, հնդեվրոպական ենթաշերտը հայերենում և այլն։
«Գիտաժողովն ընդգծեց հայերենի կարևորությունը օտար լեզուների ուսումնասիրման համատեքստում և խթան կհանդիսանա նմանատիպ հանդիպումներ կազմակերպելու համար»,- կարևորելով առցանց գիտաժողովը՝ նշեց Լալիկ Խաչատրյանը։