Հուլիսի 7-11-ը ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մասնակցեց Էրազմուս+ ծրագրի շրջանակում անցկացվող «Blended Intensive Programme» կրթական նախաձեռնությանը։
Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլի համալսարանում իրականացվող ծրագիրն ամբողջությամբ նվիրված էր դոկտորական աշխատանքների արդյունավետ ղեկավարմանը՝ ընդգրկելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ։
Միջազգային նախաձեռնությանը մասնակցում էր 14 հոգի՝ համալսարանական ղեկավարներ, դասավանդողներ և դոկտորական կրթության համակարգողներ՝ Ռումինիայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Իսլանդիայից, Պորտուգալիայից և Բուլղարիայից։
Մասնակիցները ներգրավված էին ինտերակտիվ աշխատանքներում, որոնք ներառում էին կլոր սեղան-քննարկումներ, գործնական սեմինարներ և խմբային վերլուծություններ։
Դասընթացը բաղկացած էր մի շարք բովանդակային մոդուլներից, որոնք ուղղված էին դոկտորական կրթության գործընթացի բարելավմանն ու ղեկավարման համակարգի հզորացմանը, այդ թվում՝ տարբեր երկրներում կիրառվող մոդելների վրա հիմնված դոկտորական աշխատանքների ղեկավարման լավագույն փորձի փոխանակում, ղեկավարի դերի կարևորությունն ու արդյունավետ համագործակցության ձևեր, էթիկական սկզբունքների ու խնդիրների քննարկում՝ դոկտորական կրթության կառավարման համատեքստում, համաղեկավարության մեխանիզմների ձևավորում և կիրառություն, ժամանակակից և նորարարական մոտեցումների ինտեգրում դոկտորական կրթության համակարգում։
«Ծրագիրը նպաստեց մասնակիցների միջև մասնագիտական կապերի ստեղծմանը, փորձի փոխանակմանն ու համագործակցության նոր հեռանկարներին։ Միջազգային միջավայրում իրականացվող նմանատիպ կրթական նախաձեռնությունները կարևոր են բարձրագույն կրթության համակարգում շարունակական բարեփոխումների, արդիականացման և որակի բարձրացման առումով»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։