ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ռեկտորի ուղերձը՝ գիտելիքի և դպրության օրվա առթիվ
01.09.2023
ՀՊՄՀ ռեկտորի ուղերձը՝  գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, ուսուցիչներ և աշակերտներ,  գիտակրթական ոլորտի աշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի համար յուրահատուկ խորհուրդ ունի․կրթության հանդեպ ազգային մոտեցումը մեր գենետիկական հիշողության արտահայտությունն է՝ բազմաթիվ մարտահրավերների դեմ կարևոր հաղթաթուղթ։

Վերջին տարիներին, տարբեր հանգամանքներով պայմանավորված, փոխվել է հասարակության վերաբերմունքը ուսուցչի կերպարի ու առաքելության հանդեպ։ Սեպտեմբերի 1-ն այն պատեհ օրն է, երբ պետք է նորովի արժևորվի մեր կրթական արժեհամակարգն ու կրթության նվիրյալի աշխատանքը։ Կուտակված խնդիրներ կան, որոնք հայցում են լուծումներ, այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում ուսուցչի մասնագիտությունը լավագույնն է, և ընտրյալներն են նվիրվում ուսուցչի վեհ կոչմանը։

Սիրելի՛ ուսուցիչներ, վայրկյան անգամ չվարանեք մտածել, որ դուք ընտրել եք աշխարհի ամենամարդասիրական մասնագիտությունը։ Մեծ լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանը ուսուցչական բազում սերունդներ է ճանապարհել դեպի կյանք, մասնագիտական կրթությանը զուգահեռ սերմանել մեծ սեր ուսուցչի նվիրական առաքելության հանդեպ։ 100-ամյա բուհի երթն անխափան է, այսօր էլ, ժամանակի հարափոփոխ երթի մեջ, համալսարանը շարունակում է արժանապատվորեն առաջ տանել սերունդների կրթության կազմակերպման, մանկավարժական կադրերի պատրաստման գործը։ Եվ դա ամենահայրենանվեր գործն է, որով կարող ենք դիմակայել մերօրյա աշխարհաքաղաքական ցնցումներին ուամենատարբեր մարտահրավերներին։

Մեր առաքելության հանդեպ մեծագույն պատասխանատվությամբ մենք շարունակում ենք մանկավարժական կադրերի պատրաստման գործը, մշտապես ուսուցչի կողքին ենք՝ պատրաստ սատարելու նրան իր առաքելության իրականացման ճանապարհին։

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք 2023-2024 ուսումնական տարվա առթիվ և բարի երթ եմ մաղթում։ Լիահույս եմ, որ համատեղ ուժերով ու ստեղծագործական աշխատանքով կհաղթահարենք գիտության և կրթության ոլորտի առջև ծառացած բոլոր մարտահրավերները, և ուսուցչի կերպարի վերարժևորումը նորովի կիմաստավորի այն առաքելությունը, որը լավագույն երաշխիքն է մեր երկրում խաղաղության ու բարօրության հաստատման։

ՍՐԲՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ