ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ռեկտորն ընդունեց Հունգարիայի պատվիրակությանը
03.10.2016
ՀՊՄՀ ռեկտորն ընդունեց Հունգարիայի պատվիրակությանը

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալասարանի պատվիրակությունը, որի կազմում էին համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Գեորգի Ֆյոդորը, Պատմության ինստիտուտի տնօրեն Սանդոր Օզենին, Գերմանիայի Լայպցիգի համալսարանի գիտաշխատող, դոկտոր Բալինտ Կովաչը, ինչպես նաև հնագիտության դասախոս Վագներ Զոլտը:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրերի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում իր գոհունակությունը հայտնեց Եվրոպայի ամենահին կրթօջախներից մեկի հետ համագործակցության, ինչպես նաև ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչի՝ Մանկավարժական համալսարանում ունեցած բացառիկ դասախոսության վերաբերյալ:

Ռեկտորը ներկայացրեց բուհի գործունեությունն ու ուղղությունները՝ նշելով, որ այն ՀՀ-ն երկրորդ խոշոր ուսումնական հաստատությունն է և պատրաստում է բազմապրոֆիլ մասնագետներ, որոնցից մի քանիսի մենաշնորհը Մակավարժական համալսարանինն է.«Երկու բուհերի համագործակցության սկիզբը ստացված է.ուրախ եմ, որ այսօր էլ կան մի շարք ծրագրեր, որոնք միմյանց հետ աշխատելու լուրջ հեռանկարներ են ստեղծում: Լիահույս եմ, որ Հայաստան ձեր այցելությունը շարունակական կլինի»:

Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալասարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, արևելագետ Գեորգի Ֆյոդորը չթաքցրեց՝ վաղուց է ցանկություն ունեցել գալ Հայաստան. հետաքրքրված է հայերենով, հայոց պատմությամբ ու գրականությամբ:

Հունգարացի հյուրը ևս կարևորեց երկու բուհերի համագործակցությունը, նշելով, որ այն առավել ամրապնդելու և խթանելու համար ակնկալվում է Մանկավարժական համալսարանի պատվիակության այցը համալսարան.«Դուք ցանկալի և պատվավոր հյուր կլինեք մեր բուհում. ակնկալում ենք Ձեզ տեսնել բուհի համար կարևոր՝ կոչումների շնորհման արարողությանը. անհամբեր սպասում ենք նաև ձեր դասախոսություներին»:

Գեորգի Ֆյոդորը հույս հայտնեց, որ կողմերը կարող են համագործակցել կրեդիտային շարժունության եվրոպական ծրագրի շրջանակում.հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև ամառային դպրոցների ընթացքի վերաբերյալ, քննարկեցին հայագիտական ամբիոնի և հետազոտությունների զարգացման նախադրյալների վերաբերյալ հարցեր:

ՀՊՄՀ-ի և Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալասարանի ներկայացուցիչները փոխանակվեցին խորհրդանշանական նվերներով: