ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ռեկտորը հյուրընկալեց համագումարի պատվիրակ ռեկտորներին
03.10.2024
ՀՊՄՀ ռեկտորը հյուրընկալեց համագումարի պատվիրակ ռեկտորներին

«Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարի շրջանակներում ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ համաժողովի մասնակից պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների բուհերի ղեկավարների հետ։

Կողմերն անդրադարձան մանկավարժական կրթության, կրթական համակարգերի զարգացման արդի հիմնախնդիրներին, 21-րդ դարի ուսուցչի նկարագրին, մարտահրավերներին, մանկավարժների պատրաստմանը, նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքի երեխայի իմացական ոլորտում կատարված փոփոխություններին, խոսեցին կադրերի պատրաստման կարևոր խնդիրների մասին։

Մանկավարժական բուհերի ղեկավարները ներկայացրին իրենց կառույցները, ուղղվածությունները, կարևորեցին համատեղ համագործակցության անհրաժեշտությունը, մեթոդաբանության սինքրոնիզացումն ու ներգրավվածությունը՝ ընդգծելով նաև ազգային յուրահատկությունների պահպանման անհրաժեշտությունը։

Սրբուհի Գևորգյանը կարևորեց Մանկավարժականում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որն իր շուրջ է համախմբել ոլորտի խնդիրներով մտահոգ առաջատար մասնագետների, և հույս հայտնեց, որ համաժողովը, դրա շրջանակում անցկացվող վարպետության դասերը կնպաստեն համալսարանական կրթության զարգացմանը։

Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկած համաժողովին մասնկացում է ԱՊՀ 7 պետության շուրջ 140 ներկայացուցիչ։