Այսօր Արամ Խաչատրյան տուն-թանգարանում մեկնարկեց «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովը։
Համաժողովի նպատակն է քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր։
Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությունը, ռուսաստանյան և հայաստանյան բուհերի ռեկտորներ, կրթության, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ։
«Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի պլենար նիստին ելույթ ունեցավ նաև ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։
Ռեկտորը ողջունեց համաժողովի անցկացումը՝ մշակույթի ոլորտի, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և փորձագետների համար երկխոսության հնարավորություն ստեղծելու առումով։
Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց իր ղեկավարած ուսումնական հաստատությունը, մասնավորապես՝ արվեստի ուղղվածություն ունեցող երկու՝ Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետների գործունեությանը, մասնագիտություններին, որոնց մասին առավել ամփոփ ներկայացվեց տեսաֆիլմում։
Պրոֆեսոր Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հետևանքներին, ընդգծելով՝ ինչպես հայաստանյան մյուս բուհերը, Մանկավարժականը ևս պատերազմում լուրջ կորուստներ կրեց․ 42 զոհված հայորդի, որ պետք է համալրեին ուսուցչական համակազմը, իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։
Ռեկտորը լուրջ խնդիր համարեց Արցախի Հանրապետության շրջափակումը, որի հետևանքով մի շարք ուսանողներ, այդ թվում՝ մշակույթի ֆակուլտետի, այսօր հնարավորություն չունեն մասնակցել ուսումնական և քննական գործընթացներին։
Սրբուհի Գևորգյանը կարծում է, որ նման համաժողովները նաև հարթակ են, որտեղ ծավալվում է մասնագիտական և մարդկային երկխոսություն՝ հանուն խաղաղության և մարդկության։ Նա հույս հայտնեց, որ քննարկումների շնորհիվ կձևավորվի ակտիվ գործընկերություն, որի միջոցով կիրականացվեն մի շարք ծրագրեր։
Համաժողովի շրջանակում ռուսաստանյան ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները վարպետության դասեր կանցկացնեն երևանյան բուհերում․հանդիպման ընթացքում գործընկերները կքննարկեն են նաև մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հնարավոր նախագծերը՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի, թատերարվեստի և այլ ոլորտներում: