ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն առցանց մասնակցեց կրթության երիտասարդ հետազոտողների «Մենթորությունը մանկավարժական և գիտական գործունեությունում.հետազոտություններ և պրակտիկա» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին։
Մոսկվայի պետական մանկավարժահոգեբանական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվող գիտական ձեռնարկի շրջանակը լայն էր․ մասնակցում էին կրթական առաջատար հաստատությունների ղեկավարներ և գիտական հանրույթի ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ Հայաստան, ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա և այլն։
Համաժողովի նպատակն էր երիտասարդ հետազոտողների համար գիտական ինքնորոշման և սոցիալականացման հարթակի ստեղծումը, գիտական և մանկավարժական գործունեության հեռանկարային մոդելի մշակումը։
Մասնակիցները ներկայացրին կրթության, հոգեբանության, կառավարման, սոցիոլոգիայի և կրթության փիլիսոփայության, նախադպրոցական կրթության, հատուկ մանկավարժության ոլորտներում կատարած հետազոտությունների արդյունքները, անդրադարձան մանկավարժական փորձին և նորարարությանը, կրթության չափելիությանը, թվային դարաշրջանում արհեստական բանականության դերակատարմանը և այլն։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անունից ողջունեց համաժողովի անցկացումն ու կարևորեց մենթորի դերակատարումը՝ ժամանակակից մարտահրավերների համատեքստում։
Ռեկտորն ընդգծեց՝ համաժողովի շրջանակներում վերհանված խնդիրների կարևորությունը, բացասական միտումներով լի ժամանակաշրջանում կրթության, բարոյականության, մանկավարժի որակների կատարելագործան անհրաժեշտությունը, նկատելով, որ դրանք փոխներգործում են մատաղ սերնդի հետ․մի շարք արժեքների փոխանցմամբ է պայմանավորված երկրների ապագան։
«Մարդկության 21-րդ դարի գլոբալ մարտահրավերներից է հավատի և իմացության ներդաշնակությունը, դրանց սինթեզը, հավատն իր հիմնական նպատակի և իմացությունը՝ միտված առավել լի կյանքային դրսևորմանը։ Ապագայի գլոբալ խնդիրներից մեկն է միավորվել օբյեկտիվ անհրաժեշտության մեջ, կոնվերգենցիայի, մարդկային հասարակությունների հոգևոր ինտեգրացիայի, պառակտվածության հաղթահարման, մտավոր, աշխարհայացքային անհամատեղելիության, մշտական առճակատման հաղթահարման մեջ»,-նշեց Սրբուհի Գևորգյանը:
«Մենթորությունը մանկավարժական և գիտական գործունեությունում.հետազոտություններ և պրակտիկա» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ միջազգային համաժողովը կնպաստի երիտասարդ հետազոտողների գիտական կապերի ամրապնդմանը, գիտակրթական զարգացման մասին տեղեկացվածության բարձրացմանը, մենթորության և վերահսկման հարաբերությունների ձևավորմանը, գիտակրթական ոլորտում մենթորի դերի և գործունեության կարևորությանը։