ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ «Սփյուռք» կենտրոնը՝ գրքի երևանյան միջազգային փառատոնին
08.09.2025
ՀՊՄՀ «Սփյուռք» կենտրոնը՝ գրքի երևանյան միջազգային փառատոնին

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը մասնակցեց գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնին։ Երեք օր գրականագիտական ու գեղարվեստական հրատարակությունները ներկայացված էին կենտրոնի տաղավարում, իսկ եզրափակիչ օրը նշանավորվեց գրական և գիտամշակութային բացառիկ իրադարձությամբ։ Հայաստանի ազգային պատկերասրահի գրադարանում տեղի ունեցավ Հակոբ Օշականի «Ամբողջական գործեր»-ի երկրորդ հատորի՝ «Ծակ-պտուկը» վեպի շնորհանդեսը։

Հատորի գլխավոր խմբագիրն ու  առաջաբանի հեղինակը ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն  գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,  «Սփյուռք» կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն է։ Գիրքը հրատարակվել է ՀՊՄՀ Գիտական խորհրդի երաշխավորությամբ։

Միջոցառմանը ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն  գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» կենտրոնի գիտական աշխատող, հատորի պատասխանատու խմբագիր Քնարիկ Աբրահամյանը ներկայացրեց հատորների կազմման սկզբունքները, որոնք ներառում են ամենատարբեր հարցադրումներ՝ բնագրերի համադրական աշխատանք, ծանոթագրություններ, ուղղագրական միասնական տեսքի բերելու խնդիրներ։

Ապա ելույթ ունեցավ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ու տվեց գրականության հսկա Օշականի ստեղծագործական համապարփակ բնութագիրը՝ ընդգծելով, որ հետայսու ընթերցողի սեղանին է  սփյուռքահայ գրականության լավագույն վեպերից մեկը, այն էլ՝ հայաստանյան տպագրությամբ։

Պրոֆեսորը վստահ է՝ շարունակական է լինելու գիտամշակութային ու գրական այսչափ նվիրական աշխատանքը։ Լիահույս է՝  կունենան իրենց գործի արժանի շարունակողները։

Խմբագիրները նկատեցին՝ Օշական կարդալը լրջմտություն, գրական լայն պաշար, մտավոր և հոգեկան պատրաստվածություն է պահանջում։ Այս պարագայում առավել կարևոր է ընթերցողների որակը, ոչ թե քանակը։  Վստահ են՝ օշականասեր ընթերցողները կարող են լայն զանգվածներին ուղղորդել գրական բարդ, բայց դեպի  ճշմարիտը տանող  արահետներով։ 

Երևանի պետական համալսարանի  Հայ նորագույն գրականության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.թ, Լիլիթ Սեյրանյանը  նշեց՝ ընթերցողն այսուհետև բաց հասանելիություն ունի «Ծակ-պտուկը» վեպին։ Յուրաքանչյուրն այս վեպում կգտնի իր որոնածը․«Այս գիրքը  պետք է  կարդա նա, ում մտահոգել է համաշխարհային վեպի կառույցում հայ վեպի արժանավայել տեղը գտնելու հիմնահարցը։ Ընթերցողը պետք է պատրաստ լինի այս վեպի էջերի միջով մարդկային բոլոր մեղքերի բավիղներով անցնելուն, և, որ ամենից էականն է, անմեղ մնալուն։ Վեպն ընկալելու նախապայմանն է՝ չպետք է վախենալ հոգու գահավեժ անկումներն ու երկնասույզ սլացքները տեսնելուց, զգալուց»։

ԵՊՀ նույն ամբիոնի պրոֆեսոր սփյուռքահայ գրականության վաստակաշատ մասնագետ Արծրուն Ավագյանն էլ անդրադարձավ  Օշականի ժառանգության տարաբնույթ շերտերին, հատկապես քննադատական գործին,  և շնորհավորեց Հակոբ Օշականի «Ամբողջակական գործեր»-ի հրատարակության նախաձեռնությունը։

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանն էլ շեշտեց՝ այսօրինակ ջանադիր ու նվիրական արարումների կարիքն իրապես զգացվում է, իսկ Բանասիրականի համար սա նշանակալի և արժեքավոր ձեռքբերում է,  որի հետևում նվիրյալների ծանր ու պատասխանատու աշխատանքն է։