ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալակիր
08.04.2022
ՀՊՄՀ ուսանողը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալակիր

Ապրիլի 6-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մի շարք տավուշցիների հանձնել է մեդալներ։

ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար «Գարեգին Նժդեհ» մեդալով Է պարգևատրվել նաև ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի 2-րդ կուրսի ուսանող Ծաղիկ Կարոյանը։

Վերջինս, ի դեպ, մեդալի ներկայացված միակ հավակնորդ ուսանողն է եղել․ հասարակական գործունեությամբ զբաղվում է 15 տարեկանից։ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի անդամ է․զարգացնելով իր հմտություններն ու կարողությունները, ինչպես ինքն է նկատում, հանուն հայրենիքի կյանքի է կոչում մի շարք ծրագրեր։

old.aspu.am-ի հետ զրույցում Ծաղիկ Կարոյանը նշեց, որ լինելով ՀՀ Տավուշի Նոյեմբերյան խոշորոցված համայնքի Բագրատաշենի բնակիչ, հասկացել է՝ մարզերում հատկապես երիտասարդներն ունեն իրազեկման կարիք։

Ծաղիկ Կարոյանը 44-օրյա արցախյան պատերազմի օրերին Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար իրականացրել է տարբեր ծրագրեր։ Կազմակերպել է սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրում, երիտասարդների համախմբում, իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

«Խոնարհվում եմ հանուն խաղաղության, հանուն հայրենիքի նահատակված մեր եղբայրների ու քույրերի սուրբ հիշատակի, բոլոր զինվորների ու նրանց ընտանիքների առջև»,-նշեց Մանկավարժականի ուսանողը և վստահեցրեց, որ շարունակելու է իր հանրօգուտ աշխատանքը