ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողը՝ միջազգային օլիմպիադայում երրորդ մրցանակակիր
10.05.2017
ՀՊՄՀ ուսանողը՝ միջազգային օլիմպիադայում երրորդ մրցանակակիր

Ապրիլի 23-28-ը ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի և Օտար լեզուների ֆակուլտետների ուսանողներ Մարիամ Եվդոկիմովան և Թենի Հարությունյանը մասնակցեցին Մոսկվայում կայացած «Ռուսական աշխարհ. լեզվի և մշակույթի սինֆոնիա» միջազգային օլիմպիադային:

Ռուսաց լեզվին նվիրված օլիպմիադան անցկացվել է երկու փուլով՝ նախ հեռակա, ապա Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանում. մի շարք հանձնարարություների միջոցով ընտրվել են հաղթողները:

Մանկավարժական համալսարանի ուսանող Մարիամ Եվդոկիմովան 7 երկրների ներկայացուցիչներից գրավել է մրցանակային 3-րդ տեղը, արժանացել պատվոգրի և խորհրդանշական մրցանակ ստացել:

Օլիմպիադայի մասնակիցը հաջողությամբ հանձնել է գրավոր թեստը, ստեղծագործական աշխատանքի ընթացքում կատարել Չայկովսկու «Մայիս» ստեղծագործությունը, ապա ռուսական աշխարհին նվիրված տեսասահիկում երկրի լանդշաֆտները համեմատել Չայկոսվկու «Տարվա եղանակներ» երաժշտական ստեղծագործության հետ:

«Բուհում որպես օտար լեզու ընտրել եմ ռուսերենը. ուսումնառության ընթացքում ձեռք բերած լեզվական հմտությունների շնորհիվ մասնակցեցի միջազգային օլիմպիադային: Ընթացքում եղան նաև ինտերակտիվ շնորհանդեսներ, վարպետության դասեր, որոնց շնորհիվ առավելապես ծանոթացանք ռուսական մշակույթի առանձնահատկություններին և յուրահատկություններին»,-նշեց ՀՊՄՀ ուսանողը:

Մարիամ Եվդոկիմովան old.aspu.am-ի հետ զրույցում հավելեց, որ սա իր առաջին մասնակցությունն է միջազգային օլիմպիադային, որը միջմշակութային հաղորդակցման և ռուսերենի իմացությունը բարելավելու լավ հնարավորություն էր: