ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրատարակվել է «Պատմություն և հասարակագիտություն» տարեգիրքը
16.12.2015
Հրատարակվել է «Պատմություն և հասարակագիտություն» տարեգիրքը

ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետը հրատարակության է պատրաստել «Պատմություն և հասարակագիտություն» տարեգիրքը. այն գիտական հոդվածների ժողովածու է, որը տպագրվելու է տարեկան մեկ անգամ և ընդգրկելու է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն  հոդվածներ:

Առաջին համարում ընդգրկված են համապատասխան մասնագետների կողմից գրախոսված 20 գիտական հոդվածներ, որոնցից 4-ն ուղարկվել են արտասահմանից:

Տարեգիրքը հրատարակվում է ԲՈՀ-ի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան և առաջին համարի հրատարակումից հետո կներկայացվի ԲՈՀ՝ գիտական հանդեսների համապատասխան ցանկում ընդգրկելու նպատակով:

Տարեգրքի գլխավոր խմբագիր, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի կարծիքով՝ ժողովածուն հնարավորություն կտա ակտիվացնել ֆակուլտետի գիտական կյանքը, կնպաստի ֆակուլտետում և բուհի գիտության զարգացմանը, հայաստանյան գիտակրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև հնարավորություն կտա դասախոսներին հրատարակելու իրենց հետազոտությունների արդյունքներն ու կնպաստի:

Ժողովածուի պատասխանատու քարտուղար Սամվել Պողոսյանն էլ հավելեց, որ շատ հաճախ ասպիրանտները, մագիստրոսներն ու ուսանողները դժվարությունների  են հանդիպում գիտական հետազոտությունները տպագրելու հարցում. «Հրատարակվող տարեգիրքը կնպաստի այդ խնդրի լուծմանը՝ գիտական և մասնագիտական հետաքրքրություն առաջացնելով ուսանողների շրջանում, կնպաստի գիտական կապերի ամրապնդմանը հայաստանյան գիտակրթական հաստատությունների հետ»: 

Պատասխանատուները վստահ են՝ տարեգիրքը կխթանի նաև ֆակուլտետի միջազգային կապերի ամրապնդմանը, քանի որ նախատեսվում է հրատարակել նաև արտասահմանյան գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչների հոդվածները ռուսերեն և անգլերեն լեզուներով: