«Առաջին անգամ մենք հանդիպեցինք 4 տարի առաջ՝ սեպտեմբերի 1-ին, հիշու՞մ ես։ Իհարկե, հիշում եմ․հուզված ու շփոթված բարձրանում էինք դպրոցի աստիճաններով, ամեն ինչ նոր էր անծանոթ աշխարհում: Եվ այսպես գլորվեցին օրեր, ամիսներ, տարիներ։ Կարծես մի ակնթարթ, որի մեջ մի ամբողջ կյանք է՝ իր պայծառ գույներով»,- այսօր Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում իրենց ավարտական հանդեսին նշեցին ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 4բ դասարանի սաները։
Տարրական դասարանի ավարտական հանդեսին ներկա էին ՀՊՄՀ ղեկավար և դասախոսական կազմը, ուսուցիչներ, ապագա մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ։
Ինչպես նշեց դասվար Տաթևիկ Աբրահամյանը, օրը յուրահատուկ է՝ ճանապարհում են ևս մեկ սերունդ, որոնց հետ միասին ամփոփելու են մեծ ընտանիքի ձեռքբերումները:
Նա վստահեցրեց՝ այս 4 տարիներին ստեղծել են կայուն, ամուր ընտանիք, որի երկնակամարում յուրաքանչյուրն ասես մի աստղ լինի: Նրանք ինքնատիպ փոքրիկիշխաններ են՝ իրենց բարությամբ, ընկերասիրությամբ և այն մեծ սիրով, որ ունեն ընկերների, ուսուցիչների, հարազատների նկատմամբ․«Այս փոքրիկներն իրենց մաքրամաքուր զգացմունքներով կառուցել են իրենց մոլորակը»:
Եվ պատահական չէր, որ աշակերտներին հանդեսի ողջ ընթացքում ուղեկցում էր Փոքրիկ Իշխանը՝ իր խորհուրդներով և իմաստուն մտքերով։ Դպրոցականները գիտեն, երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, կարող ես նաև լաց լինել, բայց նաև հավատում են՝ երազանքների իրականացմանը․եթե մի բան շատ ես ուզում, ողջ տիեզերքը նպաստում է դրա իրականացմանը։ Նրանք խոսեցին նաև մասնագիտական երազանքերից, որոնք Հայաստան աշխարհի հզորացման, շենացման, խաղաղության, նաև վերադարձի մասին էին։
Աշակերտները հանդեսի ընթացքում վերհիշեցին, թե ինչպես ճերմակով, կապույտով, կարմիրով գունավորեցին իրենց ընկերությունը, փոխեցին միապաղաղ կյանքը, մի պահ նաև տխրեցին, որ հնարավոր է հեռացում, բայցև խոստացան՝ ուր էլ լինեն հոգատարությամբ, ջերմությամբ կառուցված ընկերությունը երբեք չի ավարտվի։
Բնիկ երևանցի, մշեցի կապանցի, լոռեցի, նաև արցախցի՝ ինչով հպարտ են․ դպրոցի սաները կարևոր ձեռքբերում համարեցին ինքնաճանաչումը․ այս տարիների ընթացքում նորոգեցին իրենց արմատները, հայրենիքը, ծննդավայրը, սովորեցին հարգել և ընդունել ընտանեկան ավանդույթներն ու արժեքները։
Հնչեցին նաև երգեր ամենաթանկի՝ հայրենի բնօրրանի, ծնողների, հարազատ կրթօջախի մասին․ դպրոց, որ ծնվել է երազանքից, տնօրենի, ուսուցչների քրտնաջան աշխատանքից, որ երազանքի թևեր ունի, և այդ երազանքը մի օր բարձրացնելու է դեպի վեր, դեպի անսահմանություն՝ օգնելով հայի ու Հայաստանի անունը բարձր պահել ողջ մոլորակում․«Հիշեք ձեր ցանած սերմերը, ճիշտ խնամքի արդյունքում աճում են և տալու են լավագույն պտուղները։ Մարդուն պետք է դատել գործով, ոչ թե խոսքով»,-նշեցին նրանք։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ծնողներին, որ բարձր ունակություններով օժտված իրենց երեխաների ուսումը վստահել են դպրոցին․ նրանք ապահովեցին զգացմունքային դրսևորումների մի ամբողջական շրջանակ։
Ռեկտորն ընդգծեց նաև ուսուցչական կազմի կատարած մեծածավալ աշխատանքը, որոնք իրենց վեհ առաքելությամբ, օժտված ազնվական վերաբերմունքով մշտապես կարողանում են ստեղծել միջավայր, որի շնորհիվ ներկաներին տրվեց վերագնահատել հայրենիքի, հայրենասիրության, մարդակային արժեբանության վերաբերյալ դասերը։
«Սիրելի երեխաներ, ընկերասիրությամբ ձուլվելով մի մեծ ընդհանուրի մեջ, երբեք մի կորցրեք հոգու ձեր առանձին անկյունը: Փոքրիկ Իշխանի պես հազարավոր վարդերից ընտրեք ձերը, միակը, պահպանեք նրան և սիրեք ոչ թե աչքով, այլ՝ սրտով: Միշտ հիշեք, պետք է ապրել, սովորել այնպես, որ մայր հողում ունենաք խորը արմատներ: Այդ արմատները ձեր գիտելիքներն են: Որքան խորը լինեն ձեր գիտելիքները, այնքան խորը կլինեն մայր հողին ձեզ կապող արմատները»,-հրաժեշտի իր խոսքում նշեց դասվար Տաթևիկ Աբրահամյանը:
«Ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը»․ դասվար Տաթևիկ Աբրահամյանի հարցին տարրական դպրոցի սաների պատասխանը մեկն է՝ այնպիսին, ինչպիսին կարծում ենք՝ մեր մտքի ու հոգու մեջ։