ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին
18.05.2023
Հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին

«Մտածում եմ՝ այս 4 տարին ինչպե՞ս անցավ։ Դեռ երեկ թոթով մանուկ էի, այսօր՝ հասուն դպրոցական։ Կցանկանա՞ս պատմեմ իմ պատմությունը։ Լինում է, չի լինում, մի դպրոց է լինում․․․»,-ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում այսօր կայացավ ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 4ա դասարանի ավարտական հանդեսը։

Կրտսեր դպրոցականները միջոցառման մեկնարկին ներկայացրին դասարանի ստեղծման պատմությունը, ապա բանաստեղծությունների ու երգերի միջոցով կարևորեցին ուսուցիչների անփոխարինելի դերն իրենց կյանքում՝ ընդգծելով՝ նրանք են տվել այն բանալին, որով աստիճանաբար բացել են գիտության դռները, հաղթահարել մի շարք դժվարություններ, սովորել գրել, կարդալ, խոսել օտար լեզուներով, սովորել հայրենասիրություն և բարություն։

«Հիշեք՝ մարդու մեջ ինչքան բարություն կա, այդքան էլ կյանք կա։ Պետք է սովորեք փոքրիկ քայլերի արվեստը»,-այսպիսին էր Մանկության մոլորակից երեխաներին հյուրընկալած Փոքրիկ Իշխանի խորհուրդը, որը բարության ծիլեր փոխանցեց նրանց՝ խնդրելով ժպտալ և բարություն անել․ մարդիկ դրա կարիքը շատ ունեն։

Ավարտական հանդեսին հնչեցին հայրենիքը, այն պաշտպանող հայ զինվորին նվիրված երգեր, ձոներ։ Կրտսեր դպրոցականները վստահ են՝ հիվանդացած երկիրը պետք է փրկել ազնիվ ու հայրենասեր անհատների, բարեխիղճ ու գրագետ մասնագետների շնորհիվ․ «Չորս տարիների ընթացքում մենք սկսեցինք տարբերակել առաջնայինը երկրորդայինից, կարևորել այն, ինչ մինչ այդ չէինք նկատում։ Յուրաքանչյուրս ամեն օր մի բուռ բարություն, սեր և ջերմություն պետք է տանք աշխարհին՝ առողջացնելով մեր երկիրը»,-նշեցին աշակերտներն ու վստահեցրին՝ հավատում են գիտության ուժին․ ճշմարտության ուղին գիտելիքն է, որի մեծ պաշարով ավարտում են տարրական դպրոցն ու մուտք գործում միջին դպրոց։

Փոքրիկները հայրենասիրության հիանալի դաս տվեցին ներկաներին, միջոցառման առանցքում հայրենիքի հանդեպ սերն էր, և այդ սիրով լցված տղաների անձնազոհությունը՝ ռազմի դաշտում։

ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը 12-ամյա դպրոցի առաջին կարևոր փուլը դպրոցականների համար հաղթահարված համարեց։

Ուրախ է, որ պատերազմի ու համաճարակի դժվար ժամանակներում ձևավորված դասարանն այսօր կայացած է։ Վստահ է՝ կզինվեն նոր գիտելիքներով՝ հաջողելով դպրոցական կյանքի հաջորդ փուլերում ևս։