ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի որոշմամբ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Բալինտ Կովաչին պարգևատրեց «Խաչատուր Աբովյան» մեդալով։
Այն բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանի շրջանակներում օտարերկյա գործընկերներին առաջին պարգևատրումն է։
Ռեկտորն իր խոսքում նշեց, որ Բալինտ Կովաչը վաղուց արդեն հյուր չէ, այլ բուհի բարեկամ, որի հետ գործընկերությունը դուրս է գիտակրթական շրջանակներից։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, նաև նրա անմիջական միջնորդությամբ, Ադրբեջանի գերեվարած հինգ հայորդի վերադարձավ տուն․«Համոզված եմ, որ մարդասիրական և հայանպաստ գործընկերությունը կշարունակվի, իսկ գիտակրթական, գիտամեթոդական, կրթական ոլորտներում դրանք կունենան նոր դրսևորումներ»։
Մանկավարժական և Հունգարիայի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանների միջև երկկողմանի համաձայնագիր է կնքվել դեռևս 2016 թվականին։
Համագործակցության շրջանակներում բուհի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի և Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև իրականացվում են գիտակրթական մի շարք ծրագրեր․ բացվել է նաև հայագիտական ամբիոն, որի վարիչը հայագետ, դոկտոր Բալինտ Կովաչն է։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն իր խոսքում նկատում է՝ ամբիոնը, որի հիմնումը հավակնոտ քայլ էր դիտվում, գիտակրթական կենտրոնից այսօր արդեն վերածվել է հանրային դիվանագիտության կարևոր օղակի․«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին՝ նրանք ոչ միայն հայագետ են, այլև՝ հայասեր։ Պարգևն, անշուշտ, կնպաստի հետագա գործունեությունն առավել պատասխանատու և ընդգրկուն դարձնելուն»։
Ի դեպ, պարգևատրմանը ներկա էին նաև Հունգարիայի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Շանդոր Օզեն և դոկտոր Կրիշտոֆ Սուրոմին, որոնք բուհում մասնակցում են միջազգային գիտաժողովի։
Բալինտ Կովաչի կյանքում Հայասատանն ու հայերին բացահայտելու գործում Էդգար Հովհաննիսյանը կարևորեց պրոֆեսոր Օզենի դերը․հենց նրա ղեկավարմամբ է տարիներ առաջ բացահայտել և գրել Հունգարիայի հայկական համայնքում ապրող հայերի մասին, սիրահարվել հայ մշակույթին ու մեր երկրին․«Նա իրեն հայ է զգում․ սա մեր համագործակցության հաջորդ կարևոր, բայց ոչ վերջին քայլն է»,-հավելեց դեկանը։
Բալինտ Կովաչը շնորհակալություն հայտնեց «Խաչատուր Աբովյան» մեդալով պարգևատրելու համար և Սրբուհի Գևորգյանին փոխանցեց Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտորի շնորհավորանքը՝ բուհի 100-ամյակի առթիվ։