ՀՊՄՀ-ի թանգարանի ցուցասրահներից մեկում բացվեց գեղանկարիչ, Մանկավարժական համալսարանի նկարչագծագրական բաժնի շրջանավարտ Հայկազ Սողոմոնյանի կյանքին և գործունեությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Բացման արարողությանը ներկա էին նրա ընկերները, բարեկամները, անվանի արվեստաբաններ, դասախոսներ, ուսանողներ և դպրոցականներ: Ցերեկույթին գեղանկարչի ընկերներն ու դասախոսները կիսվեցին իրենց հուշերով և զգացմունքներով, վերհիշեցին արվեստագետի ստեղծագործություններն ու վաստակը հայ գեղանկարչության զարգացման գործում:
Հայկազ Սողոմոնյանի դասախոս, արվեստաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՊՄՀ դասախոս Մերի Երզնկյանը ներկաներին փոխանցեց իր հիշողություններն ու տպավորությունները ոչ միայն գեղանկարիչ, այլ նաև մարդ, ուսանող, մանկավարժ Հայկազի մասին: Հայ գեղանկարչության մեջ օրվա հերոսի անգնահատելի վաստակի մասին խոսեց նաև քանդակագործ, պրոֆեսոր, գեղարվեստական ակադեմիայի դասախոս Տարիել Հակոբյանը, իսկ ուսանողական տարիների և բուռն ստեղծագործական կյանքի մասին պատմեց պրոֆեսոր, ՀՊՄՀ-ի դասախոս, Սողոմոնյանի համակուրսեցի Ֆաենբերգ Սարգսյանը:
Հայաստանի ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի աշխատակից, ավագ գիտաշխատող, արվեստաբան Գոհար Չեմենյանը երկար տարիներ ուսումնասիրել է գեղանկարչի ստեղծագործությունները և կազմել գործերն ամփոփող ծավալուն կատալոգ: Թեև անձամբ գեղանկարչին ճանաչելու բախտ չի ունեցել, բայց նրա ստեղծագործությունների միջոցով պեղել ու բացահայտել է նրա գունավոր և միևնույն ժամանակ ինքնամփոփ ներաշխարհը:
Նկարչի քույրը՝ Լուսյա Սողոմոնյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին և նկատեց՝ եղբայրը աշխատանքներից ոչ մեկը չի վաճառել, հատկապես իմանալով, որ դրանք պիտի դուրս տարվեն Հայաստանից: «Իր մտքում ու հոգում թաքնված մտահոգություններն ու հույզերը նկարիչն արտահայտել է ոչ միայն վրձնի, այլ նաև գրչի միջոցով: Նկարչի վերջին ցանկությունն է եղել ունենալ թանգարան, որտեղ կցուցադրվեն իր 1000-ից ավելի ստեղծագործությունները»,- ասաց Լուսյա Սողոմոնյանը:
Ի դեպ, Հայկազ Սողոմոնյանը ծնվել Է Երևանում, մասնագիտական կրթություն ստացել է Մանկավարժական համալսարանում, որտեղ իր ղեկավարը եղել Է մեծանուն հայ նկարիչ Հովհաննես Զարդարյանը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, ունեցել 2 անհատական ցուցահանդես՝ 1-ինը 1978թ.-ին Ժուռնալիստների տանը, որը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և կրում էր «Իմ Հայաստան» խորագիրը: 2-րդ ցուցահանդեսը՝ «Գարնանային» խորագրով, բացվել է 1981թ.-ին՝ Գրողների միությունում: Անհատական ցուցահանդեսների կազմակերպման և կայացման գործում իր աջակցությունն է ցուցաբերել ավագ գործընկեր, վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանը: