ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Հայաստանի պատմության թանգարանի միջև
22.12.2022
Հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Հայաստանի պատմության թանգարանի միջև

Այսօր ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի համաձայն՝ ավարտական և մագիստրոսական աշխատանքների իրականացման նպատակով բուհի ուսանողները կստանան թանգարանային խորհրդատվություն, կկազմակերպվեն պրակտիկաների, գործնական պարապմունքների, մասնագիտական սեմինարների, թեզերի հանդիսավոր պաշտպանություններ թանգարանում և համալսարանում:

Հուշագրի շրջանակներում՝ երկու հաստատությունների համար կիրականացվեն մասնագիտական կամավորական կամ հատուկ ծրագրավորված աշխատանքներ, ինչպես նաև գիտական հրատարակությունների և տեղեկատվության փոխանակում:

Բացի այդ, կկազմակերպվեն համալսարանի դասախոսների և թանգարանների աշխատակիցների փոխադարձ հանդիպումներ, դասախոսություններ, վարպետության դասեր, գիտագործնական աշխատանքներ:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց՝ ուրախ է մայր թանգարանում հյուրընկալել մանկավարժական մայր համալսարանի ղեկավարությանը՝ վավերացնելու մշակութային, գիտակրթական երկարամյա հարաբերությունները:

«Թանգարանի և Մանկավարժական համալսարանի գործունեության առանցքները շատ դեպքերում հատվում են՝ կրթության, մասնագիտական զարգացման գիտության, մշակութային ժառանգության պահպանության, մեկնաբանման տեսանկյունից և երկրում տարբեր զարգացումներին նպաստելու  առաքելությամբ: Կրթությունը թանգարանի համար էլ կարևոր նշանակություն ունի, և մեր նպատակներից մեկն է, որ թանգարանը դառնա կրթական կարևոր կենտրոն մեր երկրի համար և նրա սահմաններից դուրս»,-նշեց թանգարանի տնօրենն ու պատրաստակամություն հայտնեց տարբեր գործընթացներում բուհի հետ համատեղ ջանքեր ներդնելու գործում:

Դավիթ Պողոսյանի համար հուշագրի կնքումը կրկնակի կարևոր է. մի կողմում հարազատ բուհն է, մյուս կողմում՝ հարազատ հաստատությունը: Լիահույս է՝ հուշագիրը լոկ փաստաթուղթ չի լինի, այլ կվերածվի մասնագիտական զարգացման, համատեղ ջանքեր ներդնելու նոր մեկնարկի՝ մեր ինքնությունը, ազգային ժառանգությունը պահպանելու և դրա հիմքով զարգանալու համար:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և հույս հատնեց, որ հուշագիրը երկուստեք կարևոր կլինի՝ ի նպաստ կրթության, մշակութային, պատմական կրթության զարգացումների համար:

«Մեր գործունեության առանցքում ուսանողն է: Որոշ ֆակուլտետների ուսանողների համար սա հիանալի հնարավորություն և միջավայր է՝ զարգացնելու մասնագիտական կարողությունները, արժևորելու պատմական ժառանգությունն ու ինքնության պահպանման կարևորությունը: Սա հնարավորություն կստեղծի փոփոխվող աշխարհում՝ փոփոխված արժեքներ ունեցող սերունդների համար հնարավորինս մատչելի ներկայացնել այն արժեքները, որի կրողն ենք մենք»,-նշեց ռեկտոր Գևորգյանն ու վստահեցրեց՝ այս համագործակցությունը հետաքրքիր երկխոսության նոր փուլ է:

Հուշագրի ստորագրումից հետո Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում: