ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ի պատիվ Ֆրանսիայի». ցուցադրություն Մանկավարժականում
06.03.2023
«Ի պատիվ Ֆրանսիայի». ցուցադրություն Մանկավարժականում

Էյֆելյան աշտարակ, Նոտր Դամը Սենայից, Հաղթանակի կամար, Շանթիյի պալատը, Բարբիջոն և ֆրանսիական այլ պատկերներ այսօր հնարավոր էր դիտել գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի՝ «Ի պատիվ Ֆրանսիայի» ստեղծագործությունների ցուցադրությանը։

Ֆրանսիայի շունչն ու ֆրանսիական մշակույթի ոգին մեկտեղված էր Մանկավարժական համալսարանում բացված ցուցադրությանը, որտեղ ներկայացված էր գեղանկարչի՝ 2004-2015 թվականներն ընդգրկող շուրջ 50 աշխատանք։

«Ֆրանսիան եղել և մնում է կրթական և գեղագիտական ճաշակ ձևավորող երկիր, որը մինչ օրս թելադրում է իր ոճն աշխարհին։ Այն նաև բարեկամ պետություն է, որը պատմության ընթացքում մշտապես ձեռք է մեկնել հային, չի թողել մենակ և երկխոսության հնարավորություն տվել»,-միջոցառման բացման արարողության ժամանակ նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ցավով նկատում է՝ հանրահայտ ցուցասրահներում Արշիլ Գորկու ստեղծագործությունների կողքին, հաճախ չես հանդիպի Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու գործերին։

Աելիտա Դոլուխանյանի կարծիքով՝ Լեմս Ներսիսյանը հայկական բնաշխարհի ու բնության երգիչն է, որի բացառիկ իմպրեսիոնիստական ուղղվածությանն օգնում է աստվածատուր տաղանդն ու աշխատասիրությունը․ «Գեղանկարիչն իր աշխատանքներում փառաբանումը է մեր երկիրը․ նրա մեջ շատ է ազգայինը։ Պետք է հիշել՝ իրական ազգայինը հեռու չէ համամարդկայինից, քանզի հենց դա է դառնում համամարդկային․այդպիսին է նաև Լեմս Ներսիսյանի արվեստը։ Նա ինձ հիշեցնում է մանկագիր Ջաննի Ռոդարիի՝ «Կախարդական վրձինը» հեքիաթի հերոսին․նա այդ կախարդական վրձինն ունեցող նկարիչն է»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց՝ մենք հարուստ ենք Լեմս Ներսիսյանի նկարչությամբ։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը հիշեցնում է՝ հայերի բարեկամական կապը Ֆրանսիայի հետ դարերի պատմություն ունի, որի արդյունքում էլ ձևավորվեց հայ մշակույթն ու հայկական համայնքը։

Ուրախ է, որ արդեն ավանդական դարձած հերթական ցուցադրությանը քնարական, պրովանսային գույների մեջ ներկայացված է Ֆրանսիան, ինչը երախտիքից բացի, կարևոր դեր ունի նաև հոգևոր և դաստիարակչական արժեքներ ձևավորելու տեսանկյունից։

Արվեստագետ-մանկավարժ Լեմս Ներսիսյանը նկատում է՝ «Ի պատիվ Ֆրանսիայի» ստեղծագործությունների ցուցադրությունն իրենը չէ, այլ հայ ժողովրդինը։ Նրա դիտարկմամբ՝ Ֆրանսիան աշխարհում առաջին հումանիստական երկիրն է, որը լինելով գեղեցիկի կենտրոն, կփրկի աշխարհը։

Պրոֆեսորը հավելում է՝ Ֆրանսիան այն եզակի երկիրն է, որը կարող է չափել հայ ժողովրդի մշակույթի մեծությունը, իսկ ինքն իր գեղանկարներով յուրատեսակ էքսկուրս է կազմակերպել, որի նպատակն է ծանոթացնել այդ երկրի տեսարժան վայրերին, մշակույթին, առօրյային՝ մղելով դեպի արվեստ։