Եռօրյա այցով Մանկավարժական համալսարանում է ամերիկահայ հայտնի գիտնական, Չիկագոյի Իլինոյսի համալսարանի կրթական հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Արթին Գոնչուն:
Այցի առաջին օրը պրոֆեսորը բուհի Կրթության և հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց «Երեխայի հոգեկան զարգացումը և դաստիարակության խնդիրները» թեմայով դասախոսությունը:
Վերջինս անդրադարձավ սկզբնական կրթության ոլորտում կատարած իր հետազոտության արդյունքներին և դրա հիման վրա ստեղծած մեթոդին. պրոֆեսորի հեղինակած նոր տեսությունն այսօր լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում:
Արթին Գոնչունի նոր տեսության հիմքում համադրված են պատմամշակութային տեսության հիմնադիր, հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր Լև Վիգոտկսու և մտածողության հոգեբանական և իմացաբանական հարցերի լուծման նոր ուղղության հիմնադիր Ժան Պիաժեի տեսությունները:
Հայտնի գիտնականի մեթոդը դեմոկրատական է. այն հաշվի է առնում է երեխաների, այդ թվում՝ նաև ներառական, առանձնահատկություններն ու խնդիրները:
Բանախոսը նշեց, որ իր մշակած մեթոդներն ու մեթոդաբանությունը կիրառել են հետազոտությանը մասնակից ուսուցիչները, որոնք հետագայում հաջողությամբ այն ներդրել են նաև կրթական գործընթացում:
Հանդիպման ընթացքում պրոֆեսորը պատասխանեց ներկաների հարցերին, ապա պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկեց միջազգային հեղինակավոր ամսագրերում գիտական հոդվածներ տպագրելու առանձնահատկությունները. Արթին Գոնչուն գիտական գործունեությունից զատ, գլխավորում է մի շարք հանդեսների աշխատանքներ:
Առաջին անգամ Հայաստան այցելած պրոֆեսորը old.aspu.am-ի հետ զրույցում նկատեց՝ Մանկավարժական համալսարանում արժանացել է ջերմ ընդունելության. ոգևորված է նաև դասախոսության մասնակիցների հետաքրքրվածությամբ և դասախոսությանը ներգրավվածությամբ:
Առաջիկա երկու օրերին Չիկագոյի Իլինոյսի համալսարանի կրթական հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսորը դասախոսությունների շրջանակում կներկայացնի «Խաղը երեխայի կյանքում» և «Ծնող-երեխա փոխհարաբերությունների հոգեբանությունը. մշակութային ազդեցություններն անձի զարգացման վրա» թեմաները:
Արթին Գոնչույի հետազոտությունների հիմնական ուղղությունը անձի զարգացումն է: Նա հատկապես հետազոտում է խաղի դերը երեխայի կյանքում, ինչպես նաև սոցիալական և մշակութային առանձնահատկությունների ազդեցությունը մարդու զարգացման և կրթության վրա:
Արթին Գոնչուն մի շարք գրքերի հեղինակ է , այդ թվում՝ «Խաղը և զարգացումը», «Խաղի ընթացքում օգտագործած երկխոսությունների վերլուծություն», «Խաղի, հեքիաթի և դպրոցի դերը երեխաների կյանքում»: