Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում բացվեց ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսը:
«Իմ աշխարհն այսօր և վաղը» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էր 37 հեղինակի 140 լուսանկարչական աշխատանք։
Ցուցահանդեսին ներկա էին ՀՊՄՀ-ի դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր, գեղարվեստական լուսանկարչության արվեստի սիրահարներ։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ՄԱԿ-ի հովանավորությամբ կազմակերպված ցուցահանդեսը 100-ամյա պատմություն ունեցող բուհի հերթական ձեռքբերումը համարեց։ Ռեկտորն ընդգծեց, որ ներկայացված աշխատանքները վավերացնում են ՄԱԿ-ի մարդասիրական կարևորագույն թեզերը, որոնք ամրագրված են նաև բուհի առաքելությամբ։
Ռեկտորը կարևորեց դասախոս-ուսանող համագործակցությունը, իսկ ցուցահանդեսի խորագիրը պատահական չհամարեց՝ ընդգծելով, որ այն խորհրդանշում է վաղը, որ կարտահայտվի յուրաքանչյուր ուսանողի գործունեության շրջանակներում։
Ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլյա Պիտերս Յահիան։
Վերջինս մեծ պատիվ համարեց, որ ներկա է 100-ամյա բուհին նվիրված ձեռնարկին․ մաղթելով հարատևություն՝ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց կրթական կառույցի ներկայացուցիչներին՝ գեղարվեստական լուսանկարչության արվեստի միջոցով աշխարհի մարտահրավերներին դիմակայելու փորձի, սիրո և դրական գույներով բարություն սերմանելու համար։
«Իմ աշխարհն այսօր և վաղը» ցուցահանդեսի գեղարվեստական ղեկավարը ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան է։
Վերջինս ցուցահանդեսը կարևորեց մասնակիցների ընդգրկվածության, ինչպես նաև ներկայացված աշխատանքների թեմատիկայի տեսանկյունից․«Խաղաղություն, ընտանիք, սեր, ջրային ռեսուրսներ, կենդանիների և բնության պահպանություն․ այն ամենն ինչ կարևոր է կյանքում և արտահայտված է արվեստի լեզվով»։
«Իմ աշխարհն այսօր և վաղը» խորագիրը կրող ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 7-ը։