Մանկավարժական համալսարանի «Իմաստություն» գիտական պարբերականն ընդգրկվել է ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների (դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար) ցուցակում և գրանցված է Scientific Indexing Services (SIS), Journal Impact Factor (JIF), Eurasian Scientific Journal Index (ESJI), Scientific Journal Impact Factor (SJIF), International Scientific Indexing (ISI), European Reference Index for the Humanities and Social Sciences (ERIH PLUS), և Advanced Scientific Index (ASI), eLIBRARY, EBSCO, CYBERLENINKA միջազգային գիտաչափական շտեմարաններում:
Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի լուծարումից հետո, պաշտոնական հանդեսի հրատարակումը ստանձնել է ՀՊՄՀ-ի Փիլիսոփայության և տրամաբանության համահամալսարանական ամբիոնը:
Ժողովածուն հրատարակվում է Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ, տարեկան երկու անգամ և նպատակ ունի հարթակ լինելու գիտական արժեքավոր գաղափարների ու հետազոտությունների արդյունքները հրապարակելու, դրանց շուրջ քննարկումներ ու բանավեճեր կազմակերպելու, ինչպես նաև երիտասարդ խոստումնալից հետազոտողներին ու նրանց ուսումնասիրությունները գիտական հանրությանը ներկայացնելու համար:
Հանդեսի խմբագրական խորհրդի պատվավոր նախագահը ՀՊՄՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն է, գլխավոր խմբագիրը՝ բուհի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանը, տեղակալը՝ փիլիսոփայական գիտություների թեկնածու, Հովհաննես Հովհաննիսյանը:
Խորհրդատու խմբագիրներից են Աարուսի (Դանիա) համալսարանի պրոֆեսոր Պիտեր Կեմպը, Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Հանս Կոհլերը, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր Եվանգելոս Մոութսոպոուլոսը, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վյաչեսլավ Ստյոպինը և այլք:
Հանդեսը կարևորում է հատկապես հումանիտար, հասարակագիտական, փիլիսոփայական գիտելիքի բնագավառներում հետազոտություններն ու դրանց հիման վրա երաշխավորություններ առաջարկող հոդվածների հրապարակումը: