Նոյեմբերի 26-28-ը Գյումրու Կարիտաս-Արեգակ բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնում Հայաստանի գրադարանների, թատրոնների, երաժշտական դպրոցների, թանգարանների և մշակութային այլ հաստատությունների ներկայացուցիչների համար անցկացվեց եռօրյա աշխատաժողով՝ նվիրված մշակութային ներառականությանը։
Աշխատաժողովի նպատակն էր նաև վերապատրաստել մշակութային հաստատությունների աշխատակիցներին՝ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար իրենց ծառայություններն ու սպասարկման որակն առավել ներառական և մատչելի դարձնելու համար:
ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Inklusive Kulturarbeit կազմակերպությունից Մարտին Կոնզեն, ներկայացրին ներառման գլոբալ հեռանկարները, հաշմանդամություն ունեցող անձանց հետ պատշաճ հաղորդակցությունը, ցածր բյուջեով հյուրընկալ միջավայր ստեղծելու համար ներառական միջոցառումների և ռազմավարությունների իրականացման մեթոդները և այլն:
ՀՊՄՀ-ից դասընթացին մասնակցեցին և իրենց փորձով կիսվեցին նաև ՀՊՄՀ թանգարանի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, Ալվարդ Գրիգորյանը և ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ, պատմական գիտությունների թեկնածու Լիաննա Գևորգյանը:
«INKuLtur – հանուն մշակութային կյանքում ներառման և մասնակցության» ծրագիրն իրականացվում է DRA e.V.-ի կողմից, ինչպես նաև Կարիտաս-Արեգակ հիմնադրամի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ և համագործակցությամբ: