Սեպտեմբերի 23-ը Լսողության խանգարումներ ունեցող անձանց միջազգային օրն է: Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ օրը նշանավորվեց Մտագրոհ-2» ինտելեկտուալ խաղ-մրցույթով:
«Նախաձեռնության նպատակը լսողության խանգարում ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկելն ու նոր գիտելիքներ հաղորդելն է»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Մադլեն Մինասյանը:
Խաղին մասնակցում էր 6 թիմ, յուրաքանչյուրում ընդգրկված էին համալսարանի բոլոր ֆակուլտետների, ՀՊՄՀ-ի Հենակատային վարժարանի, ինչպես նաև Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 5-ական մասնակից:
Հատուկ կրթահամալիրի սաների մատուցմամբ «Ապրել խաղաղ» երգը ժեստերի լեզվով ազդարարեց միջոցառման սկիզբը, ապա վիճակահանությամբ ընտրվեցին թիմերի կազմերը:
«Մտագրոհ-2» ինտելեկտուալ խաղ-մրցույթի ժյուրիի կազմում էին ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Սիրանուշ Կարապետյանը, Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Թերեզա Ազատյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Մուրադյանը, բուհի Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը:
Ժյուրիի կազմում էին նաև «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթի 2019 թվականի հաղթող Լիանա Ոսկերչյանը, ով զբաղվում է հատուկ կարիք ունեցող երեխաների հարցերով, ինչպես նաև նորաձևության մարկեթինգի մասնագետ Աննա Սալոմեն:
Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ 18 միավորով հաղթող ճանաչվեց «Վարդագույն» թիմը, որի կազմում էին՝ Նոննա Կարապետյանը Էլեն Պողոսյանը, Դիանա Կիրակոսյանը, Էլեն Մարգարյանն ու Դավիթ Ամիրշատյանը:
Միջոցառմանը մասնակցում էին դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև ERASMUS+ ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող չեխ հյուրերը:
«Մտագրոհ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին ակտիվ մասնակցության համար տրվեցին շնորհակալագրեր և մասնագիտական գրականություն: