ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ինտերակտիվ հանդիպում-քննարկում՝ «Երջանկության ճանապարհ»-ում
29.04.2022
Ինտերակտիվ հանդիպում-քննարկում՝ «Երջանկության ճանապարհ»-ում

Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ղեկավար կազմը՝ դեկան Սիրանուշ Կարապետյանի գլխավորությամբ, դասախոսները, Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Հասմիկ Առաքելյանն ու «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ-ի տնօրեն, սեքսոպաթոլոգ Ռուզաննա Ազատյանը հյուրընկալվել էին «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունում։

Վերջիններիս մասնակցությամբ տեղի ունեցավ ինտերակտիվ հանդիպում-քննարկում՝ «Երջանկության ճանապարհ»-ի շահառուների ծնողների հետ:

«Ծնողավարման հմտություններ» թեմայով սեմինարի ընթացքում  քննարկվեցին  մի շարք հարցեր, այդ թվում՝ թույլատրել, թե արգելել, տարիքին համապատասխան հոգեկանի ձևավորման, նյարդային լարվածության և վախերի, ճգնաժամային իրավիճակների և ճգնաժամերի, կոնֆլիկտների հաղթահարման, ծնող–մեծահասակ /երեխա/ կապի ամրապնդման,  սպառնացող վտանգների ու ծնողների վարքի կարգավորման վերաբերյալ։  

Կողմերը կարևորեցին և բարձր գնահատեցին հանդիպում-քննարկման արդյունքները․առաջիկայում խնդրահարույց թեմաների վերաբերյալ  շահառուների համար կկազմակերպվեն առանձին  հանդիպումներ։ Նրանց հետ աշխատանքներ կանցկացնեն  ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժներն ու հոգեբանները։

Պայմանավորվածության համաձայն՝ նոր ուսումնական տարում բուհի ուսանողներն իրենց  շարունակական և մանկավարժա-հոգեբանական պրակտիկան ևս կանցկացնեն «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունում։ Հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը տեղ կգտնեն նաև մագիստրոսների ավարտական  աշխատանքներում։

Հիշեցնենք, որ ՀՊՄՀ-ի և «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի միջև  վերջերս կնքվել էր համագործակցության հուշագիր, որ հնարավորություն  է տալիս համատեղ իրականացնել հետազոտական աշխատանքներ, կազմակերպել ուսանողների գործնական, ուսումնական գործընթացներ,  սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ:

Հուշագրի համաձայն՝ կիրականացվեն նաև ուսումնական գրականության փորձաքննություն, մասնագիտական խորհրդատվություն՝ ներառական կրթության համատեսքստում: