Այսօր մեկնարկեցին «ՀՀ դպրոցներում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ժամանակակից մոտեցումներ» խորագրով որակավորման բարձրացման դասընթացները։
Դասընթացն անցկացվում է ՀՊՄՀ-ի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) համատեղ նախաձեռնությամբ և ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության աջակցությամբ։
Ձեռնարկի նպատակն է զարգացնել մեր երկրում հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական հմտությունները․վարպետաց դասեր անցկացնելու նպատակով մեր երկրում են ՀՊՄՀ գործընկեր՝ Հարավկովկասյան դաշնային համալսարանի առաջատար մասնագետները։
Հոկտեմբերի 25-27-ն անցկացվող դասընթացները հնարավորություն կտան փոխանակվել գիտամեթոդական տեղեկատվությամբ, ծանոթանալ հետազոտության ժամանակակից մեթոդների կիրառման հեռանկարներին, ռուսաց լեզվի և գրականության դասավանդման արդիական միտումներին։ Բացի այդ, մասնակիցները կծանոթանան ժամանակակից դպրոցում ռուսերենի դասավանդման յուրահատկություններին, ռուսաց լեզվի և գրականության մշակութաբանական ասպեկտներին և այլն։
Դասընթացի կարևորությունն ընդգծեց նաև ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Նա ուրախությամբ է նկատում՝ մասնակիցների մի մասն առաջնահերթություն են տալիս ծրագրին և արդեն երկրորդ անգամ են միանում դրան։
Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ ազգանվեր, մարդասիրական մասնագիտություն ընտրելու համար։ Վստահ է՝ ուսուցչի մասնագիտությունն ամենակարևորն է․ ոչ միայն սովորեցնում է, այլև կերտում ապագան։
Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի միջազգային նախագծերի և ծրագրերի բաժնի պետ Վլադիմիր Սամոյլենկոն ուրախ է, որ կրկին Հայաստանում են, Մանկավարժականում։ Նա վստահեցնում է՝ վերանայել են դասընթացի նյութը, ներկայանալու են նոր, առավել արդյունավետ ծրագրով։
Վլադիմիր Սամոյլենկոն Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտորի անունից ողջունեց մասնակիցներին և գործընկեր բուհին՝ վստահեցնելով, որ միասին քարտեզագրված գաղափարներն ու նախագծերը կլինեն երկուստեք արդյունավետ։
Վերապատրաստման առաջին օրն անդրադարձ կկատարվի ռուսերենի` որպես օտար լեզվի ուսուցման երկրագիտական սկզբունքներին, օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի շրջանակներում կիրառվող հիմնական հնարքներին, ընթերցանության և գրականության դասերի ընթացքում ինտերակտիվ միջոցների և առցանց նյութերի կիրառման հնարավորություններին։
Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) Ռուս և համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Լիլյա Սավելովան, որն անձամբ է վերապատրաստելու ծրագրի մասնակիցներին, նկատում է՝ հավաքվածների շրջանում պատահական մարդիկ չկան․ մասնագետներ են, որոնք անտարբեր չեն կրթության, դասավանդման մեթոդիկայի ոլորտում կատարվող փոփոխությունների հանդեպ։ Վստահ է՝ ոլորտն ավելի լավը կարելի է դարձնել միայն համատեղ ջանքերի շնորհիվ՝ սինթեզելով, շեշտադրելով, փոխակերպելով մատուցվող նյութը։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչներ Այգուլ Շամսուտդինովան և Սոնա Սարաջյանն ուրախությամբ են նկատում՝ եռօրյա դասընթացին այս տարի հայտագրվել է 150 մասնակից։
Վստահ են՝ երկու բուհերի շնորհիվ «ՀՀ դպրոցներում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ժամանակակից մոտեցումներ» խորագրով որակավորման բարձրացման դասընթացներն այս տարի ևս կլինեն բովանդակալից, ծրագիրը կհաջողի։