ՀՊՄՀ-ի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Կառավարիչները 100-ամյա պատմության մեջ» խորագրով միջոցառում՝ նվիրված բուհի հիմնադրման 100-ամյա հոբելյանին։
«Կառավորման ոլորտի համար տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետների, մշակույթի ոլորտի մենեջերների պատրաստում, որոնք տիրապետում են տնտեսագետի և գործարարի որակների՝ ձեռներեցության, տնտեսական և ֆինանսական գործունեության կազմակերպման հմտությունների»,-այսպես ներկայացրին իրենց մասնագիտությունը՝ «Կառավարում» (ըստ ոլորտի) բաժնի առկա և հեռակա բաժնի ուսանողներն ու շրջանավարտները՝ ընդգծելով կրթական ծրագրի ընձեռած լայն հնարավորությունները։
Վերջիններս կարևորեցին ամբիոնի փորձառու մասնագետների հետ համատեղ իրականացված գիտական աշխատանքների պատրաստումը, ինչպես նաև՝ ավարտական աշխատանքներում հետազոտական բաղադրիչի ապահովումը՝ հիմնված մասնագիտական պրակտիկայի ուսումնասիրությունների վրա։
Ուսանողները նկատում են՝ ՀՊՄՀ-ն այն օղակն է, որ միավորել է իրենց․բուհի շնորհիվ ունեն բազում ձեռքբերումներ, իսկ դժվարությունները հաղթահարել են միասին։
Ապագա կառավարիչները ներկայացրին բուհի հիմնադրման պատմությունը, Կուլտուրայի ֆակուլտետի գործունեությունը, հետաքրքիր դրվագներով ու խառնաշփոթ իրավիճակներով հագեցած իրենց ուսանողական առօրյան և պրակտիկ գործունեությունը՝ մեծագույն ձեռքբերումներից համարելով ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Թրեյնինգ» դասընթացին մասնակցությունը։
Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով․ ելույթ ունեցան նաև շրջանավարտներ Գեորգի Իսրայելյանի և Մակիչ Նազլուխանյանի ղեկավարած խմբերը։
ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ընդգծելով ՝ «Կառավարում» (ըստ ոլորտի) կրթական ծրագրի կարևորությունը բուհի կյանքում, հույս հայտնեց, որ բաժնի ուսանողներն ու շրջանավարտները, որպես որակյալ կառավարիչներ, իրենց գործունեությամբ կնպաստեն մեր երկրում մշակույթի ոլորտի զարգացմանը։
Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանն էլ հավելեց՝ ձեռնարկն առիթ էր ներկայացնելու տարբեր կառույցների հետ համագործակցությունն ու ձեռքբերումները, ինչպես նաև կրթական ծրագիրը, գործունեության հիմնական ուղղությունները, ուսանողների ստեղծագործական և կառավարչական հմտությունները։