Մանկավարժական համալսարանում «Ազգային և միջազգային օրենքների միջև փոխհարաբերությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ լեհ դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական պառլամենտի անդամ Կարոլ Կարսկին:
Դասախոսությանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, Հայաստանում Վարշավայի Յարոսլավ Պրուսեկի անվան հումանիտար ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Գասպարյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Լեհ գիտնականը դասախոսության ընթացքում խոսեց ներպետական իրավունքի նկատմամբ միջազգային իրավունքի գերակայության մասին, ապա անդրադառնալով pacta sunt servant (պայմանագրերը ենթակա են պարտադիր կատարման) նշեց, որ պետությունները պարտավոր են կատարել իրենց կողմից ստանձնած հանձնառառությունները.«Միջազգային իրավունքը պահանջում է, որ պետական իշխանությունն իր երկրում ստեղծի այնպիսի փաստացի իրավիճակ, որ կատարվեն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորավածությունները»:
Կարոլ Կարսկին նկատեց, որ ներպետական իրավական համակարգն էլ իր հերթին բնութագրվում է աստիճանակարգով, ապա որպես օրինակ բերելով լեհական իրավական համակարգում գերագույն իրավական ակտը՝ Լեհաստանի Սահմանադրությունը, մեջբերեց Լեհական սահմանադրական դատարանի նախկին նախագահի այն միտքը, թե Եվրամիության արդարադատության դատարանի կողմից կայացրած որոշումը գերակա է:
Քաղաքագիտության դոկտորը ներկայացրեց նաև ներպետական օրենսդրության և միջազգային իրավանորմերի միջև անհամապատասխանության դեպքում գործողությունների շարքը, ապա ընդգծեց՝ pacta sunt servanta սկզբունքից է բխում երկրի արտաքին պարտավորվածությունների կատարման պարտականությունը.«Երբ միջազգային և ներպետական իրավանորմերի միջև առաջանում է անհամատեղելիություն, պետությունն ինքն է որոշում իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցը»:
Լեհ դասախոս, գիտնական Կարոլ Կարսկին դասախոսությունն ավարտեց այն շեշտադրմամբ, որ միջազգային իրավունքի շրջանակներում կարող է ծագել նաև պետության պատասխանատվության հարցը, ինչը, որպես կանոն, երկրի բարձրագույն ղեկավարության իրավասության մեջ է մտնում:
Դասախոսության ավարտին պրոֆեսորը պատասխանեց ներկաների հարցերին:
Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Կարոլ Կարսկիին շնորհեց ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում՝ վստահություն հայտնելով, որ գիտնականի այցը բուհ վերջինը չի լինի, իսկ դասախոսություններն էլ կլինեն շարունակական:
«Ուրախ եմ և' որպես գիտնական, և' որպես քաղաքական ոլորտի գործիչ. այս կոչումը ևս մեկ անգամ հաստատում է հայ-լեհական բարիդրացիական հարաբերությունների մասին: Սա փաստում է նաև այն մասին, որ մենք կարող ենք համագործակցել ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ գիտական ոլորտում, ինչը կնպաստի երկրներում այդ ճյուղի զարգացմանը»:
Կարոլ Կարսկին Մանկավարժական համալսարան հյուրընկալվել էր ընտանիքի հետ. նրանք շրջեցին նաև ՀՊՄՀ-ի թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանը և ժամանակագրությանը, ապա այցի մասին իրենց ջերմ տպավորությունները գրառեցին հուշամատյանում:
Կարոլ Կարսկին ունի երկարամյա դասախոսական և մասնագիտական փորձ միջազգային իրավունքի ոլորտում, հանդիսանում է Վարշավայի, Բյալիստոկի տնտեսագիտական և Վարշավայի իրավունքի և առևտրի համալսարանների դասախոս: 2004 թվականից ակտիվ ներգրավված է միջազգային իրավունքի և քաղաքականության մեջ:
Նա նաև մի շարք միջազգային ասոցիացիաների, այդ թվում՝ Լոնդոնի Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ է, շուրջ 100 հոդվածների և գրքերի հեղինակ: Կարոլ Կարսկիի հիմնական մասնագիտական ուղղություներն են՝ միջազգային քրեական իրավունք, միջազգային հումանիտար օրենք, միջազգային հումանիտար իրավունքների օրենք, տիեզերքի իրավունք, միջազգային և ազգային օրենքների միջև փոխհարաբերությունը: