ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կառուցվածքային և բովանդակային նոր պահանջներ՝ հաստատված կարգերում
22.09.2025
Կառուցվածքային և բովանդակային նոր պահանջներ՝ հաստատված կարգերում

Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի կառուցվածքային տարրերի և բովանդակային պահանջների վերաբերյալ հարցերը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումների քննարկման առանցքում են։

ՀՊՄՀ-ի բակալավրի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման նոր կարգն այսօր ներկայացվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, Կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության ֆակուլտետների, ինչպես նաև Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության համահամալսարանական ամբիոնի աշխատակազմին։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը մանրամասնեցին թեմայի ընտրության և հաստատման, աշխատանքի կառուցվածքի, ձևավորման պահանջների, ղեկավարման, պաշտպանության վերաբերյալ մանրամասներ։

Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն վստահեցրեց՝ նոր ձևաչափը կհեշտացնի գործընթացի կազմակերպումը՝ համակարգված դարձնելով ինչպես ուսանողի, այնպես էլ ղեկավարի աշխատանքը։ Ընդգծեց՝ նախկինում եղած բարդությունները կմնան անցյալում․բովանդակային տեսանկյունից էլ աշխատանքներն առավել փոքրածավալ են, հարմարեցված ներկայիս պահանջներին և մոտ միջազգային ընդունված չափանիշներին։

Մարիաննա Հարությունյանն նշեց՝ ոչ մի դեպքում քանակը չպետք է փոխարինել որակով․ նոր կարգերը միտված են որակի բարելավման խնդիրների լուծմանը, իսկ բուհում պատրաստ են այդ առումով մեթոդական աջակցություն ցուցաբերել․«Յուրաքանյուր ավարտական աշխատանք պետք է փոքրիկ ներդրում լինի ՀՀ-ում մանկավարժության զարգացման մեջ, ինչին միտված է բուհն իր առաքելությամբ»,-նշեց նա։

Հանդիպման ընթացքում ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը մանրամասն ներկայացրեց ավարտական և մագիստրոսական թեզի կառուցվածքային տարրերը, խոսեց դրանց տարբերությունների մասին, կարևորեց հետազոտական հարցի հստակ ձևակերպումն ու դրա՝ հետազոտության նպատակին ուղղված լինելը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա համակարգված կերպով ուղղորդել տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը:

Հակոբ Թադևոսյանը երկու դեպքում էլ կարևորեց թեմայի ճիշտ ընտրությունն ու դրա համապատասխանեցումը դպրոցական ծրագրային չափորոշիչներին և մանկավարժության հիմնախնդիրներին։

Հանդիպումն ընթացավ նոր կարգերի վերաբերյալ քննարկումներով և առաջարկներով։