ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ «100 բանաստեղծություն» ժողովածուի շնորհանդեսը
11.10.2024
Կայացավ «100 բանաստեղծություն» ժողովածուի շնորհանդեսը

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի և Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի համագործակցությամբ լույս է տեսել «100 բանաստեղծություն» ժողովածուն։

Սփյուռքահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյա հոբելյանին նվիրված գրքի շնորհանդեսը կայացավ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Բացման խոսքում «Համազգային»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը ընդգծեց՝արդեն ավանդույթ է նշանավոր գրողների հոբելյանները նշել նոր գրքերի լույսընծայմամբ՝ «100-ամյակ 100 բանաստեղծություն» սկզբունքով: Զահրատի «100 բանաստեղծություն»-ը երրորդ գիրքն է Վահագն Դավթյանի և Պարույր Սևակի 100-ամյակներին նվիրված հատորներից հետո:

Ռուզան Առաքելյանն անդրադարձավ Զահրատի ստեղծագործության յուրահատկություններին՝ լեզվի պարզությանը, բանաստեղծության պատմողական բնույթին և կերպարներին, որոնք խոսում են համամարդկային լեզվով, պատմում բոլորիս ապրումների մասին․ «Յուրահատուկ է նաև Զահրատի սիրային քնարերգությունը. գրողի համար սերը կարծես հեքիաթ է, որը կարիք չունի պերճ և բարձրագոչ բառերի: Նրա բանաստեղծության մեջ կա նաև ազգային գիծը․ այս գրքով ներկայի և ապագայի սերունդները պիտի ճանաչեն հայ գրականության մեջ իր հետագիծը թողած տաղանդաշատ գրողին»,-նշեց բանախոսն ու ընդգծեց նաև պոլսահայ հեղինակների տարբերությունը Սփյուռքի մյուս գաղթօջախների ներկայացուցիչներից։

Մանկավարժական համալսարանի Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, գրքի կազմող և «Զահրատը՝ 100 տարեկան կամ մեր մէջ շարունակուող Զահրատը» առաջաբանի հեղինակ Սուրեն Դանիելյանը հուզումով և ջերմությամբ հիշեց իր և Զահրատի պտույտները Պոլսո թաղերում, Երևանում և Նյու Յորքում:

Խոսելով պոլսահայ գրական ընթացքների մասին՝ նշեց՝ Զահրատն ու Զարեհ Խրախունին երկրորդ կյանք տվեցին պոլսահայ գրեթե մեռնող գրականությանը․ 1960-ին «Մեծ քաղաքը» ժողովածուով Զահրատն ազդարարեց իր տիրական մուտքը, իսկ «Մեկ քարով երկու գարուն» գրքով արդեն նվաճեց ազգային գրականության մայրուղին, ապացուցեց իր բանաստեղծական հզոր ներուժը. «Կատուների հետ «ընկերացած» Զահրատը եկավ դեպի մարդը, դեպի մարդկային ներհակ ապրումները, դեպի հայը: Ժողովածուն ցույց է տալիս, որ մենք բոլորս էլ Զահրատի հերոսներն ենք՝ տառապող, երկվություն ապրող: Նա մեր պոեզիային բերեց կյանքն ու խինդը՝ ծառանալով «ժամանակին դեմ», դառնալով հայ բանաստեղծության մեջ այդ նույն ժամանակի դեմ «հովիտին խորը հոսող գետը»,- նշեց պրոֆեսոր Դանիելյանը:

«Համազգային»-ի կենտրոնական վարչության անդամ, «Դրօշակ» թերթի խմբագիր Արտաշես Շահբազյանը շնորհակալություն հայտնեց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանին և գրականագետ Քնարիկ Աբրահամյանին համագործակցության համար, ինչպես նաեւ հատորի մեկենասներին՝ Արևիկ Գաբրիելյանին, Պերճ և Անահիտ Թյուրաբյաններին, Արթո և Զապել Խրիմյաններին,  Լենա Օհաննէսեան-Սթրիթըրին:

«Զահրատ. 100 բանաստեղծություն» գրքի խմբագիր Քնարիկ Աբրահամյանն ընդգծեց՝ բարդ էր «բանաստեղծի հետ գլուխ գլխի գալ» ու լավագույն հարյուր բանաստեղծություններ ընտրել. Զահրատը հայ գրականության բարձունքները նվաճած գրող է, որը թեև իր տաղանդի ուժով, իր նորարար մոտեցումներով կարողացել է փոխել հայ ավանդական բանաստեղծության հունը, սակայն նրա պոեզիայում նկատելի են ժողովրդական բանահյուսության և մեր գրական մեծությունների հետ երկխոսությունները՝ Ղ. Աղայան, Վ. Թեքեյան, Պ. Սևակ եւ ուրիշներ:

Քնարիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք կաթիլ կաթիլի և «շյուղ շյուղի» կյանքի են կոչել նաև այս գիրքը, այդ թվում՝ Պոլսի Պատրիարքարանին՝ հոգածության ու  գրքի հրատարակության ուրախալի լուրը Զահրատի կնոջը՝ Տիկին Անայիսին փոխանցելու և նրա հոգեւոր աջակցությունը ստանալու համար: Նա ընթերցողին մաղթեց բարի վայելք ու «բարի պատրանք»: 

Զահրատի բանաստեղծության, բառի ընտրության հեղինակային նախապատվությունների մասին ամփոփ ելույթով հանդես եկավ նաև ՀՊՄՀ հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Նոնա Դավթյանը: Անվանի բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ընդգծեց Զահրատի բանաստեղծական տաղանդն ու մտածողության ինքնատիպությունը, իսկ Երգիչ-երաժշտահան Պերճ Թյուրաբյանը (ԱՄՆ) ներկայացրեց Զահրատի բանաստեղծություններով գրված իր հեղինակային երգերը, հիշեց բանաստեղծի հետ ունեցած շփումները:

Զահրատի մասին հուշեր պատմեց, նրա բանաստեղծություններից ասմունքեց Պոլսում երկար տարիներ աշխատած և Զահրատի մտերմությունը վայելած բեմադրիչ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արամ Կոստանյանը: