Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացավ ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի «Հիշում եմ և պահանջում» խորագրով ներկայացման պրեմիերան՝ ռեժիսորական հետաքրքիր լուծումներով, բանաստեղծ Անահիտ Վարդանանցի և ճանաչված հայ և ռուս պոետների ստեղծագործությունների հիման վրա։ Բեմում ՀՊՄՀ-ի ռեժիսուրայի բաժնի ուսանողներից կազմված դերասանական թատերախումբն է։ Թեման՝ հայ ժողովրդի հավերժական ցավը՝ Մեծ Եղեռն։
Ներկայացման խորհրդանիշներն ու ասելիքը միահյուսվում են, ուղերձներ սփռում շուջբոլորը՝ ո՛չ մարդկային եղեռնին, ո՛չ ցեղասպանությանը․․․
Դահլիճի լռությունը արձագանքն է խաղացողների․ բեմի վրա բոլորը փայլում են, անկեղծություն կա յուրաքանչյուրի մարմնավորած կերպարում։ Նրանք շուրջ երկու ժամ իրենց ուսերին կրեցին 110-ամյա ողբերգության ծանրությունը։ Ավարտը, սակայն, ապրցնող էր, լավատեսական։
Մարդկային ծանր ապրումներից հյուսված այս բեմադրությունը Աիդա Հովհաննիսյանի հերթական նվերն էր հանդիսատեսին, որ ընդունվեց սիրով ու ծափերով։ Սա ռեժիսորի լավատեսության անդրադարձն էր՝ գալու է օրը, երբ հայ մարդը սրբելու է արցունքները և վերածնված հայրենիքի մեջ կառուցելու է իր երջանիկ ապագան։