Ուսումնական տարեվերջին ընդառաջ ՀՊՄՀ-ի ստեղծագործական ուղղվածությամբ բաժինները հանդես են գալիս հաշվետու համերգներով:
Այսօր կայացավ նաև Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի հաշվետու համերգը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Կատարումներով հանդես եկան ամբիոնի Փողային, Ազգային նվագարանների նվագախմբերը, Ջազ բենդը, քանոնահարների, դուդուկահարների, կլառնետահարների, դհոլահարների անսամբլները, ինչպես նաև անհատ կատարողներ:
1-4-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ համերգին հնչեցին հայ և արտասահմանցի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Սա ուսանողներից շատերի համար առաջին կենդանի շփումն է իրական հանդիսատեսի հետ, ինչպես նաև անդրանիկ համերգը պրոֆեսիոնալ բեմում»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը և հավելեց, որ ավանդույթ դարձած նման համերգները նպաստում են ազգային երաժշտության տարածմանը:
Արա Գևորգյանը նշեց նաև, որ տարվա ընթացքում տարբեր ձևաչափերով ուսանողները համերգներով ելույթներ են ունեցել նաև մարզերում, ներկայացրել ազգային նվագարաններն ու փողային գործիքները, իսկ նվագախմբերը հանդես եկել նաև պետական մեծամասշտաբ միջոցառումներում: