ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Երաժշտության մանկավարժության ամբիոնի հաշվետու համերգը
06.05.2024
Կայացավ Երաժշտության մանկավարժության ամբիոնի հաշվետու համերգը

Ուսումնական տարեվերջին ընդառաջ՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հաշվետու համերգ:

Արդեն ավանդույթ դարձած համերգի նպատակն էր ներկայացնել ամբիոնի կատարած աշխատանքը, ինչպես նաև տարբեր կուրսերի լավագույն անհատ կատարողներին, խմբերին երաժիշտ-մանկավարժների հետ համատեղ հանդես գալու հնարավորություն ընձեռել:

Համերգային ծրագիրը բազմազան էր` հագեցած ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային մեծության ստեղծագործողների գործերով։ Ամբիոնի վոկալ անսամբլի ելույթով մեկնարկած հաշվետու համերգին հնչեցին Կոմիտասի, Էդուարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդուարդ Աբրահամյանի, Շոպենի, Նիկոլո Պագանինիի, Աստոր Պիացոլայի, Սերգեյ Ռախմանինովի, Ֆերենց Լիստի և այլոց հայտնի գործեր։

Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աննա Հարությունյանն այս տարվա համերգը ակադեմիական է համարում․նախորդ տարիներին առավելապես ներկայացվել են վոկալ համարներ, այս անգամ ծրագրում ներառել են դաշնամուրային կատարումներ, ջութակ, ակորդեոն և այլն։

Համերգն ընթացավ բուռն ծափողջույններով և արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին․ավարտին հնչեցին Խաչատուր Ավետիսյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները՝ քանոնահարների անսամբլի կատարմամբ։

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին դասախոսներին՝ նվիրական աշխատանքի համար՝ մաղթելով ստեղծագործական և մանկավարժական մեծ հաջողություններ։