ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Գիտական խորհրդի նիստը
03.11.2016
Կայացավ Գիտական խորհրդի նիստը

Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի հերթական նիստը, որին այս անգամ ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՊՄՀ-ի շրջնավարտ և բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուզան Մուրադյանը:

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը վերջինիս շնորհեց «Մանկավարժական համալսարան» մեդալ՝ բարձր գնահատելով Ռուզան Մուրադյանի ղեկավարած՝ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեությունը: Ռեկտորը ընդգծեց, որ կառույցի բացառիկ և հետևողական աշխատանքի շնորհիվ հաստատվում են նաև միջազգային կապեր՝ հօգուտ երկրի կրթական համակարգի բարելավման:

Ռուզան Մուրադյանը կարևորեց և պարտավորեցնող համարեց իր ղեկավարած կառույցի աշխատանքների գնահատումը՝ վստահեցնելով, որ միությունն առաջիկայում ևս կշարունակի բուհի հետ առավել սերտ և ամուր համագործակցություն ծավալել:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով կրթության, գիտության և մանկավարժության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսոր Յուրի Գասպարյանին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալ»-ով:

Պրոֆեսորը շնորհակալություն հայտնեց երկար տարիներ ծավալած մանկավարժական գործունեությունը գնահատելու համար՝ վստահեցնելով, որ իր հետագա աշխատանքով ևս կշարունակի բարձր պահել բուհի պատիվը:

Համալսարանի միջազգայնացման մասին

Համալսարանի միջազգայնացմանն ուղղված գործընթացների, միջազգային համագործակցության ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ պրոռեկտոր Արա Երեմյանը, ներկայացնելով այն հիմնադրույթները, որոնք բխում են Համալսարանի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրից:
Պրոռեկտորը ներկայացրեց ՀՊՄՀ-ի միջազգային և կրեդիտային շարժունության ծրագրերը, անդամակցությունն ու համագործակցությունը միջազգային կազամակերպություններին, ՌԴ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի կրթական հաստատություններին:

Արա Երմյանը ներկայացրեց նաև բուհի գիտական գործունեության ոլորտը, մասնավորապես՝ ֆակուլտետների՝ Scopus/Web of science միջազգային պարբերականում տպագրված հոդվածների քանակը, ինչպես նաև անդրադարձավ կազմակերպված միջազգային գիտաժողովներին և աշխատաժողովներին.«Բուհի համապատասխան կառույցը պարբերաբար կազմակերպում է տարատեսակ հանդիպումներ դասախոսների, ուսանողների հետ՝ ընդլայնելով միջազգային համագործակցության վերաբերյալ ունեցած նրանց տեղեկացվածությունն ու մասնակցությունը ծրագրերին»:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, կարևորելով բուհի միջազգայնացման գործում ամբիոնների դերակատարությունը, նշեց, որ դրանց գործունեությունը պետք է բխի ՀՊՄՀ-ի ռազմավարական ծրագրից և միտված լինի բուհի գիտականության զարգացմանը:

Համալսարանի 020 և 064 մասնագիտական խորհուրդների նախագահների հաշվետվություններ

Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մելանյան Աստվածատրյանն անդրադարձավ «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի վերակազմավորմանը, խորհրդի ներսում ձևավորված երեք ենթախորհուրդների կազմին, խորհրդում կայացած ատենախոսությունների պաշտպանություններին ու պաշտպանությունից հանված աշխատանքներին:

Վերջինս ատենախոսությունների վերաբերյալ հանդես եկավ մի շարք նկատառումներով՝ ընդգծելով, որ մանկավարժական համակարգը վերակողմնորոշվում է դեպի իր հիմնական խնդիրը՝ պատրաստել որակյալ մասնագետներ, ժամանակակից հասարակության մեջ պատասխանատու որոշումներ կայացնելու և մասնագիտական ինքնիրագործման ընդունակ մանկավարժներ։

064 մասնագիտական խորհրդի 2015-2016թթ. գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ մանրամասնելով խորհրդում դոկտորական, թեկնածուական, կրկնական պաշտպանությունները:

Վերջինս կարևորագույն խնդիրներից համարեց տպագրված հոդվածների հարցը՝ նկատելով, որ նոր կանոնակարգը ավելացրեց հերթագրված հայցորդների քանակը և դանդաղեցրեց պաշտպանական գործընթացը, ինչը սակայն շտկելու համար խորհուրդը մի շարք քայլեր ձեռնարկեց:

Ընթացիկ հարցեր

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց, իսկ Գիտական խորհուրդը հաստատեց 5 թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու տպագրության երաշխավորեց ներկայացված ձեռնարկները:

Փակ քվեարկության արդյունքում գիտական կոչումների ներկայացված Լուսինե Ալավերդյանին, Սիմա Դայանին և Լիլիթ Լաչինյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում, իսկ Արտակ Սահրադյանին՝ պրոֆեսորի:

Գիտական խորհուրդը հաստատեց Սկզբնական կրթության, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, Հատուկ կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Օտար լեզուների ֆակուլտետների ուսանողների անվանական կրթաթոշակների համար ներկայացված թեկնածուների ցուցակը:

Գիտական խորհուրդը լսելով համալսարանում կառուցվածքային փոփոխությունների հարցը՝ որոշեց դիմել հոգեբարձուների խորհրդին հետևյալ առաջարկություններով՝ Համալսարանի Կրթության բարեփոխումների և որակի վարչությունում ստեղծել էլեկտրոնային կրթության կառավարչման բաժին, լուծարել Համալսարանի Մշակույթի կենտրոնը, միավորել բուհի Տնտեսագիտության և կառավարման և Կրթության կառավարման ամբիոնները, ինչպես նաև միավորել Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության և Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնները:

Նիստի անդամները հաստատեցին նաև Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանի՝ ամբիոնը ակադեմիկոս, ամբիոնի հիմնադիր Գեորգ Բրուտյանի անունով անվանակոչելու առաջարկը:

Նիստի ընթացքում Ռուբեն Միրզախանյանը հանձնեց 6 դոցենտի վկայական, ինչպես նաև շնորհավորեց հոբելյարներին: