ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Գիտական խորհրդի նիստը
24.02.2017
Կայացավ Գիտական խորհրդի նիստը

Ընտրություններ

Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի նիստն այս անգամ մեկնարկեց ընտրություններով. խորհրդի հումանիտար և բնագիտական հարցերի գծով մրցութային հանձնաժողովների նախագահներ Աելիտա Դոլուխանյանն ու Մեժլում Երիցյանը ներկայացրին ամբիոնների վարիչների թափուր պաշտոններին հավակնող 4 թեկնածուներին:

Նախագահներն իրեն ելույթներում անդրադարձան թեկնածուների մանկավարժական և գիտական գործունեությանը, իսկ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց թեկնածուներից յուրաքանչյուրի ունեցած մեծ ավանդն ու ներդրումը համալսարանի գիտակրթական կյանքում:

Փակ քվերակությամբ խորհրդի անդամները միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին վերընտրեցին Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին՝ Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ: Անգլերեն լեզվի ուսուցման, Ֆիզիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների վարիչների թափուր պաշտոնները կզբաղեցնեն նախկին վարիչներ, մանկավարժական գիտությունների թեկնածու Անահիտ Լալաբեգյանն ու ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանը:

Քվեարկության արդյունքում՝ 8 թեկնածու արժանացավ դոցենտի գիտական կոչման:

Գիտության մասին

«Արդի դարաշրջանում խիստ կարևորվում է հետազոտական համալսարանների դերը, որտեղ կրթական գործընթացին զուգահեռ նախատեսվում է գիտական ակտիվ գործունեություն, արդյունքների արդյունավետ արտադրական շրջանառություն, ինչպես նաև մասնագետների ժամանակակից պահանջներին համապատասխան պատրաստում և վերապատրաստում»,- բուհի գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացը ներկայացրեց ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Պրոռեկտորը մանրամասնեց համալսարանի ֆակուլտետային և համահամալսարանական ամբիոններում 6 ուղղություններով իրականացվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքները, ըստ տարիների հրատարակված գիտական աշխատանքների քանակը, միջազգային գրախոսվող պարբերականներում հրատարակված հոդվածները, միջազգային գիտաժողովները, նախորդ տարի իրականացված վերապատրաստման ծրագրերը:

Սրբուհի Գևորգյանն առաջնային համարեց ցանցային համալսարանների միջգիտահետազոտական համատեղ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը, ցանցային համալսարանների համատեքստում արվեստի և հումանիտար ուղղվածությամբ ծրագրերի մշակումը, իրականացումը, զարգացումը.«Գործընկեր բուհերի և գիտական կառույցների համար ստացված գիտական արդյունքների քննարկման և արժևորման նպատակով անհրաժեշտ է ստեղծել գիտական միասնական պարբերականներ կամ շարունակել միջազգայնացնել առկա պարբերականները»,-հավելեց բանախոսը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց գիտական ոլորտում բուհի դրական տեղաշարժը, ապա անդրադառնալով ՀՊՄՀ-ի գիտական հանդեսների գործունեությանը՝ կարևորեց ընթացիկ ուսումնական տարում դրանց էական տեղաշարժը:

Բուհի ղեկավարը հորդորեց մյուս ամսագրերին ևս հետևել «Իմաստություն» հանդեսի օրինակին, որն այսօր արդեն իսկ գրանցված է միջազգային հեղինակավոր գիտական շտեմաններում:

Գիտական խորհուրդը բավարար գնահատեց պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների կատարման գործընթացը, որոշեց խրախուսել միջազգային գիտական կառույցների հետ իրականացվող ծրագրերն ու նպաստել դրանցում մագիստրոսների, ասպիրանտների և հայցորդների մասնակցությունը:

Խորհուրդը որոշեց նաև նպաստել միջազգային գրախոսվող պարբերականներում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ հրատարակմանը, բարձրացնել բուհում կազմակերպվող մասնագիտական վերապատրաստումների որակը:

ՀՊՄՀ Ռազմավարական ծրագիր

«Համալսարանի գործունեության ռազմավարական ծրագրի իրականացման մասին» զեկույցը ներկայացրեց Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը: Նա անդրադարձավ ՀՊՄՀ-ում ռազմավարական պլանավորման կազմակերպմանը, հիմնական ուղղություններին, կառավարման գաղափարախոսությանը, գործարկման շրջանակին, մանրամասնեց ռազմավարության կատարման ընթացքը.«ՀՊՄՀ-ի Ռազմավարական ծրագիրն ու գործողությունների պլանը հիմնական ուղղություններվ փոխկապակցված է ՀՀ ԿԳ նախարարության՝ ՀՀ-ում կրթական զարգացման ծրագրի հետ:

Բոլոր ստորաբաժանումները քննարկել, մշակել և հաստատել են բուհի ռազմավարական ծրագրին համապատասխան իրենց ռազմավարական գործողությունների պլանները»,- նկատեց Մկրտիչ Ավագյանը:

Վերջինս հավելեց, որ հստակ կապ է սահմանվել ռազմավարական և օպերատիվ /տարեկան/ պլանավորման միջև, որը ռազմավարության իրականացման կարևորագույն բաղկացուցիչն է և ուղղված ՝ ՀՊՄՀ-ի առջև դրված երկարաժամկետ նպատակների իրականացման:

Գիտական խորհուրդը ՀՊՄՀ-ի 2016-2020թթ.զարգացման ռազմավարական ծրագրի 2016թ. նախատեսված գործողությունների կատարողականի ընթացքը համարեց բավարար:

Խորհուրդը հաստատեց դրա պլանավորման իրականացան և մշտադիտարկման վերամշակված կարգը, ֆակուլտետների, ամբիոնների, ստորաբաժանումների հաշվետվողականության /ինքնավերլուծություն և ինքնագնահատում/ ձևաչափերը, ինչպես նաև վերոնշյալ ծրագրից բխող 2017 թվականի գործողությունների պլանը:

Ընթացիկ հարցեր

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց, իսկ Գիտական խորհուրդը հաստատեց 3 և վերահաստատեց 5 թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու տպագրության երաշխավորեց ներկայացված ձեռնարկը:

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց, իսկ Գիտական խորհուրդը հաստատեց համալսարանի կողմից իրականացվող վճարովի ծառայությունների՝ ավարատական փաստաթղթերի տրամադրման և վավերացման համար վճարելու սակագների ցանկը:

Հաստատվեց նաև 2017-2018 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով, ըստ կրթական ծրագրերի մասնագիտությունների ընդունելության տեղերն ու ուսման վարձավճարների չափերը:

Նիստի ընթացքում Ռուբեն Միրզախանյանը հանձնեց 1 պրոֆեսորի և 2 դոցենտի վկայական, ինչպես նաև շնորհավորեց հոբելյարներին: