ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Գիտական խորհրդի նիստը
14.03.2018
Կայացավ Գիտական խորհրդի նիստը

Այսօր կայացավ ՀՊՄՀ-ի Գիտական խորհրդի՝ նոր կազմով առաջին նիստը: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նորընտիր Գիտական խորհրդի անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և արգասաբեր գործունեություն:

Երկարամյա արդյունավետ աշխատանքի համար ռեկտորը «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրեց Գիտական խորհրդի նախկին քարտուղար Հասմիկ Պետրոսյանին:

«Բուհն ու Գիտական խորհուրդը իմ երկրորդ ընտանիքն են եղել. շնորհակալ եմ»,-նշեց Հասմիկ Պետրոսյանն ու հաջողություններ մաղթեց Գիտական խորհրդի հետագա աշխատանքներում:

Երկու մասնագիտություն՝ միաժամանակ
ՀՊՄՀ-ի Գիտական խորհուրդը նիստի ընթացքում հաստատեց զուգահեռ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին ընթացակարգը: Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը տեղեկացրեց, որ ամբիոններն ու ֆակուլտետները նախապես ստացել են նախագիծը, դրա վերաբերյալ հանդես եկել առաջարկներով և լրացումներով:
«Նախկինում ևս բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու մասին օրենքով կրթության առկա և այլ ձևերի զուգակցումը չէր արգելվում, սակայն այս ընթացակարգով սահմանվում է դրա ընդհանուր պայմանները. այն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով և կազմակերպվում կրեդիտային համակարգով»,-նշեց պրոռեկտորը: Նա հավելեց նաև որ զուգահեռ ուսուցմամբ երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար դիմած անձը համապատասխան կրեդիտների առկայության դեպքում ազատվում է իր նախորդ կրթական ծրագրի շրջանակներում ուսումնասիրած և տվյալ կրթական ծրագրում առկա առարկաներից, ինչպես նաև պարտավորվում է վճարել միայն այն առարկաների ուսումնական պարապմունքների համար, որոնց հաճախելու է՝ համաձայն ՀՊՄՀ-ում տվյալ մասնագիտության համար գործող մեկ կրեդիտի:
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը վերոնշյալ որոշումն ու դրա իրականացումը համարեց կարևոր ու պատասխանատու, միևնույն ժամանակ՝ ակտուալ և հրապուրիչ դիմորդների համար՝ նկատելով, որ սա թույլ կտա աշակերտների փոքր թիվ ունեցող դպրոցներում դասավանդել երկու մասնագիտությունների գծով:

Հայտնի են Ռուբեն Սևակի անվան մրցանակակիրները
Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ներկայացրեց արդեն 2-րդ տարին անցկացվող մրցույթի արդյունքները՝ նկատելով, որ այս տարի Ռուբեն Սևակի կենսագրական, հասարակական գործունեության և գրական բարձր շերտերը քննող խոհագրությունների մրցույթին ստացվել է գրավոր 18 աշխատանք՝ բուհի 6 ֆակուլտետից և 2 աշակերտ՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանից:

«Այս մրցույթում մեր առաջին հաջողությունը պետք է համարել երիտասարդության համընդհանուր սիրո, խանդաղատանքի՝ նման ներկայացուցչական բնաբուխ վերաբերմունքը Սևակ երևույթի, բանաստեղծական մնայուն արժեքների նկատմամբ»,-նշեց պրոֆեսոր Դանիելյան ու հավելեց, որ աշխատանքներից առանձնացվել է հատկապես սուր մրցակցային բնույթը, նյութին մոտենալու և այն բացահայտելու ուսանողական բազմակողմ հետաքրքրասիրությունը:

Ըստ չափանիշների՝ 1-ին մրցանակն ստացավ Բանասիրական ֆակուլտետի ուսանող Աննա Սարգսյանը, 2-րդը՝ Բանասիրական և Օտար լեզուների ֆակուլտետների ուսանողներ Գոհար Ամալյանն ու Աստղիկ Բոյաջյանը, խրախուսական մրցանակ հանձնվեց նաև ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի ուսանողուհի Միլենա Բարսեղյանին:

Կբարելավվի մագիստրոսական պրակտիկան
Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը ներկայացրեց պրակտիկայի կազմակերպման արդյունքները՝ անդրադառնալով պրակտիկայի կազմակերպման մասնագիտական ու կրթական վերջնարդյունքներին, դրանց համապատասխանությանը Որակավորումների ազգային շրջանակին և պրակտիկաների համապատասխանությանը թեզերի կրթական պարտադիր նպատակներին:

Կենտրոնի ղեկավարը փաստեց, որ մագիստրոսական պրակտիկան հիմնականում անցկացվում է ՀՊՄՀ-ում, անդրադարձավ ֆակուլտետներից ստացված առաջարկությունների հիման վրա մանկավարժական պրակտիկայի բարելավմանն ուղղված քայլերին:

Վահան Սարգսյանը նշեց նաև, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների առաջատար համալսարանների՝ պրակտիկայի կազմակերպման փորձը և անդրադարձավ նրանց պրակտիկայում լայնորեն կիրառվող ձևերին՝ մենթորություն, համագործակցային կրթություն, նախագծային ուսուցում: Վերջինս խոսեց պրակտիկաների կազմակերպման ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների ու վտանգների մասին, հանդես եկավ մագիստրոսական պրակտիկայի բարելավմանը միտված առաջարկություններով:

Ռուբեն Միրզախանյանն հատկապես անդրադարձավ մագիստրատուրայում պրակտիկայի կազմակերպման վերանայմանը՝ ընդգծելով, որ այն գտնվում է ոչ բավարար վիճակում: Ռեկտորը նշեց, որ մագիստրոսական կրթությունը Հայաստանում դեռևս չի համապատասխանում իր էությանն ու բովանդակությանը և հավելեց, որ պետք է բակալավրիատում սովորող ուսանողների պրակտիկան կազմակերպել գիտամանկավարժական հաստատություններում, իսկ այլ բուհերից ՀՊՄՀ-ի մագիստրատուրայում սովորող ուսանողների պրակտիկան պարտադիր պետք է կազմակերպել մանկավարժական հաստատություններում: Ռեկտորն հորդորեց խստացնել մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացը և լինել սկզբունքային՝ բացառելով արտագրությունները:

Ընթացիկ հարցեր
Ավանդույթի համաձայն՝ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին, ինչպես նաև դասախոսներ Դավիթ Մոսինյանին, Սերինե Շողերյանին, Աննա Ադամյանին և Նարինե Բաբաջանյանին և շնորհեց դոցենտի գիտական կոչման վկայագրերը:

Գիտական խորհուրդը փակ քվեարկությամբ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին ընտրեց Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի, իսկ ՀՀ նկարիչների միության նախագահ, Կարեն Աղամյանին՝ Կերպարվեստի ամբիոնի վարիչի թափուր պաշտոններում, իսկ Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնում դոցենտի պաշտոնում ընտրվեցին մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտ Ասատրյանն ու մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կարապետյանը:

Քվեարկությամբ Արա Հակոբյանին, Կամո Վարդանյանին ու Լուսինե Ղուլղազարյանին շնորհվեց պրոֆեսորի, իսկ Ալվարդ Գրիգորյանին, Գայանե Ծատուրյանին, Էդուարդ Մելքոնյանին, Սուսաննա Մուրադյանին, Լիլիթ Սարվազյանին ու Սեյրան Շահսուվարյանին՝ դոցենտի գիտական կոչումներ:

Ֆակուլտետների դեկանները Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրին նաև անվանական կրթաթոշակների թեկնածու ուսանողներին: